FPWC, «ԱրԱվես ՀԿ»-ի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր




Այսօր՝ հոկտեմբերի 28-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «ԱրԱվես» ՀԿ միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Եռակողմ հուշագրի ստորագրմամբ նախատեսվում է ավելի խորացնել կառույցների միջև համագործակցությունը։ Ինչպես նշվում է հուշագրում՝ առաջնային համարելով ՀՀ բնապահպանական և կրթական կառույցների համագործակցության անհրաժեշտությունը, կարևորելով նշված ոլորտներում գիտելիքների փոխանակման և առաջատար փորձի ներկայացման անհրաժեշտությունը՝ հուշագրի կողմերը սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների և կանոնակարգված մասնագիտական կառավարման սահմաններում իրականացնում են բնապահպանական, վայրի բնության պահպանության և դրանց խնդիրների մասին երիտասարդության շրջանակներում իրազեկվածության բարձրացման համատեղ աշխատանքներ։ Կառույցները կհամագործակցեն մասնավորապես՝ «Արևորդի» և «Արավես» էկո ակումբների բնապահպանական կրթական ծրագրերի, դասընթացների, ֆիլմերի ցուցադրությունների և աշխատարանների մասնակցության, աշխատարանների կազմակերպման և իրականացման միջոցով, ինչպես նաև նախատեսվում է հիմնադրամի՝ վայրի կենդանիների փրկարար կենտրոն այցելություններ, վայրի բնության պահպանման և բնապահպանական առանցքային խնդիրների վերաբերյալ սեմինարներ և դասախոսություններ, Երևանի կենդանաբանական այգու 80-ամյակի, «Արևորդի» 10-րդ կինոփառատոնին ընդառաջ՝ 2020 թվականին քանդակների փառատոնի կազմակերպում՝ կարմիրգրքյան վայրի կենդանիների թեմայով։
Հուշագրի ստորագրումն ուղեկցվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների կողմից պատրաստված ծիսական տոնախմբությամբ, երգ ու պարով։ Կրթահամալիրի մանուկ և պատանի սաները հնարավորություն ստացան հարց ու պատասխանի միջոցով ստանալ իրենց մոտ առաջած հարցերի պատասխանները։
Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո բանախոսները քննարկեցին նաև համագործակցության ոլորտները, ինչպես նաև՝ կրթահամալիրի սաների հետ միասին անդրադարձան հոկտեմբերի 22-25-ը կայացած Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքներին, որին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև կրթահամալիրի սաները։

Comments are closed.