Աշտարակի Ձոր ռեստորանում պահվող արջերը տեղափոխվեցին մասնագիտական կենտրոն




Ս. թ. մայիսի 4-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ և ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ, Արագածոտնի մարզի ք. Աշտարակում գտնվող Աշտարակի Ձոր ռեստորանից մասնագիտացված փրկարար կենտրոն տեղափոխեց 2000թթ.-ից տարածքում պահվող գորշ արջերին:

Աշտարակի Ձոր ռեստորանի անձնակազմը դրսևորեց բարձր սոցիալական պատասխանատվություն. նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, զրկվելով այցելուներից և չկարողանալով այլևս կերակրել արջերին, ցանկություն հայտնեց վերջիններիս հանձնելու մասնագիտական խնամքի: Փրկարար կենտրոնում մասնագետների ուշադրության ներքո արջերը կանցնեն վերականգնողական բուժում, կստանան կենդանաբուժական խնամք և կբարելավվեն կորսված առողջությունը:

Արջերից մեծը՝ 20 տարեկան Մաշա արջն, ակնադիտական զննմամբ, ունի ատամների լուրջ խնդիրներ, իսկ վերջինիս առողջական վիճակի մասին տվյալները կհաստատվեն առաջիկայում՝ լաբորատոր ուսումնասիրություններով: Մյուս երկու արջերը, ըստ կենդանուն պահողների, 5 տարեկան են, և ծնվել են անազատության մեջ, Մաշայի ձագերն են: Նրանց առողջական վիճակը հնարավոր կլինի գնահատել առաջիկա 1 շաբաթում, և կմշակվի նրանց հետագա խնամքի և վերականգնման ծրագիրը:

2015թ. դրությամբ ՀՀ տարածքում հաշվարկվել էր անազատության մեջ պահվող շուրջ 60-80 կարմիրգրքյան գորշ արջ, իսկ 2017 -2019թթ.ին լայնածավալ գործողությունների շնորհիվ հաջողվեց անազատությունից փրկել և մասնագիտացված տեղական ու միջազգային խնամքի կենտրոններ տեղափոխել հաշվառված 30-ից ավել արջերին՝ բուժման, խնամքի հետագա վերականգնմանն ու հնարավորության դեպքում բնություն բաց թողնելու ակնկալիքով: Այդուհանդերձ ՀՀ տարածքում դեռ շարունակվում են պահվել նվազագույնը 18 -20 գորշ արջ՝ կրկին մասնավոր հավաքածուներում, ռեստորաններում ու հանգստյան տներում: Իրավիճակի մասին հաճախ ահազանգում են միջազգային զբոսաշրջիկները, իսկ հաճախ էլ այնպիսի հանրահայտ աստղեր, ինչպիսիք են Սերժ Թանկյանը ` զանգվածային ստորագրահավաքներ սկսելով կենդանիների շահագործման դեմ:

Վերջին նախաձեռնությունը հավաքել էր մոտավորապես 100, 000 ստորագրություն՝ միտված Աշտարակի Ձոր ռեստորանում պահվող արջերի փրկությանը:

Հիմնադրամը կշարունակի ռեստորաններում և այլ մասնավոր տարածքներում պահվող արջերի փրկարար գործողությունը ՝ անազատությունից փրկելով բոլոր հաշվառված արջերին: Հիշեցնենք, որ գորշ արջը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում՝ Խոցելի կարգավիճակով, ինչը նշանակում է, որ տեսակը պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ վերջինիս որսալը կամ ազատությունից զրկելը քրեորեն պատժելի արարք է:

Comments are closed.