Մեր տնկած ծառերն են՝ մեր ապագայի համար: Խնձորուտի էկո-ակումբի սաները շարունակում են լինել հետևողական




Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի էկո-ակումբի սաները համայնքապետարանում էին՝ պարզելու, թե համայնքում իրենց կողմից կատարված ծառատնկման աշխատանքներից հետո այգին ինչ վիճակում է։
Շարունակելով հետևողական և պատասխանատու գտնվել իրենց համայնքի նկատմամբ, մեր Արևորդիներն, առաջին հերթին այցելեցին այգի՝ ծառերի կպչունակությունն ու խնամքը ստուգելու և պարզեցին, որ այգու ցանկապատի մի հատվածը թեքվել է, իսկ որոշ սյուներ հողից դուրս են եկել։
Երեխաները նկատեցին նաև, որ այգու լանջի մի հատվածը ոռոգման կարիք ունի։ Մտահոգված լինելով այս հարցով՝ Արևորդիներն այցելեցին համայնքապետարան, որտեղ փորձեցին պարզել, թե ինչպիսի գործողություններ է ձեռնարկել համայնքապետարանը, որպեսզի վերականգնվի ցանկապատն ամբողջությամբ, այգին ոռոգվի ու կորուստները լինեն նվազագույն:
Համայնքապետարանում, ընդառաջ գնալով երեխաների մտահոգությանը, վարչական ղեկավարը տեղեկացրեց, որ զեկուցագրով կդիմի Զառիթափի համայնքապետարան։
Հաջորդ քայլով Արևորդիները կհետևեն զեկուցագրին տրված պատասխանին և հետևողական կլինեն, որ իրենց կողմից բարձրաձայնված հարցերը լուծում ստանան։

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժըն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Comments are closed.