Միջազգային կենդանաբույժների խումբը բուժել է արջերի ատամները

Կրկին լավ լուր ունենք Թոմաս արջից։ Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) ջանքերով Հայաստան է ժամանել միջազգային կենդանաբույժների խումբը, որոնք իրականացրել են մի շարք դժվարին վիրահատություններ՝ փորձելով ավելի բարեկեցիկ դարձնել կենդանիների առօրյան։

Երբ FPWC Արարատի մարզի Արտաշատ քաղաքում անազատ պայմաններում պահվող Թոմաս արջը տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, կենդանու ատամների վիճակն անհանգստացնող էր, ինչն անպայմանորեն ազդեցություն կունենար Թոմասի բարեկեցիկ և անհոգ կյանքի վրա։ Այժմ, Թոմասն ստացավ լավագույն մասնագետների օգնությունը։

Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Comments are closed.