«Արեւորդի» էկո-ակումբները
2006թ. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ամբողջ Հայաստանի տարածքում հիմնեց «Արեւորդի» էկո-ակումբների ցանցը, որի նպատակն էր դաստիարակել հայերի նոր սերունդ, որը կկարողանա եւ կցանկանա հասկանալ բնապահպանական խնդիրները եւ գտնել դրանց լուծման եղանակները: Ցանցի հիմքը կազմում են 10 «Արեւորդի» էկո-ակումբները (մեկական՟ Հայաստանի յուրաքանչյուր մարզում):
«Արեւորդի» էկո-ակումբներն անկախ հաստատություններ են, որոնք դպրոցի պարապմունքներից հետո բնապահպանական կրթություն են առաջարկում: «Արեւորդի» էկո-ակումբներում բոլոր դասընթացներն անվճար են: Ակումբների անդամները 12-16 տարեկան դեռահասներն են: Ներկայում բնապահպանական կրթության դասընթացներին մոտ 600 երեխա է մասնակցում:
«Արեւորդի» էկո-ակումբներում կիրառվող մանկավարժական հիմնական միջոցներն են լուսանկարչությունը եւ ֆիլմերի նկարահանումը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետների հսկողության ներքո երեխաները սովորում են լուսանկարել վայրի բնությունը եւ տեղական բնապահպանական խնդիրներին նվիրված սեփական ֆիլմեր են նկարահանում: Տեսա-եւ ֆոտոխցիկի օբյեկտիվի միջով բացահայտելով բնապահպանական խնդիրները եւ բնության գեղեցկությունը՟ «Արեւորդիներն» ավելի զգայուն են դառնում իրենց շրջապատող աշխարհի հանդեպ: Ավելին, ֆիլմեր նկարահանելով եւ պարզելով, թե ով, ինչը եւ ինչու է վտանգում Հայաստանի բնական ժառանգությունը, «Արեւորդիները» ոգեւորությամբ են ստանձնում իրենց տեղական համայնքում շրջակա միջավայրի բարելավման պատասխանատվությունը՟ ի վերջո իրենց հայրենիքի եզակի կենսաբազմազանության պահպանման ջատագովներ դառնալով:
«Արեւորդիների» նկարահանած ֆիլմերը ոչ միայն հեռարձակվում են հայկական հեռուստատեսությամբ, այլեւ ցուցադրվում աշխարհի տարբեր բնապահպանական ֆիլմերի փառատոնների ժամանակ: Նրանց լուսանկարները մասնակցում են ցուցահանդեսներին եւ զանազան ֆոտո-մրցույթներին:
«Արեւորդիների» ֆիլմերի ստեղծագործական բացառիկ որակն արդեն գրավել է միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանին: Այսպես, Ուրցաձորի էկո-ակումբի սաների կողմից նկարահանված «Լուռ ճիչ» ֆիլմն առաջին մրցանակի է արժանացել 2008թ. Գերմանիայի «Կանաչ էկրան» ֆիլմերի փառատոնին: 2009թ. Գառնի/Գողթ«Արեւորդի» էկո-ակումբի անդամների նկարահանած «Էհա» ֆիլմը հայտնվել է «Panda Award» հայտնի մրցույթի եզրափակիչ փուլում՟ Միացյալ Թագավորությունում անցկացվող «Wildscreen» փառատոնի շրջանակներում:
«Արեւորդու» ուսումնական ծրագիրը
«Արեւորդու» ուսումնական ծրագիրը հիմնվում է ոչ միայն լուսանկարչության եւ նկարահանման վրա, այլեւ պարապմունքներ է առաջարկում մի շարք առարկաներից: Երեխաներին դասավանդվում է բնապահպանական օրենսդրություն, լրագրություն, էկոլոգիա, անգլերեն լեզու եւ համակարգչային հմտություններ: Աշխարհայացքի ամուր հենք ստեղծելու համար նրանք լրացուցիչ դասեր են անցնում հայագիտությունից, իսկ նրանց էսթետիկ եւ ստեղծագործ հմտությունները զարգանում են արվեստի դասերի ընթացքում:
Ուսումնական ծրագրի նպատակն է դասավանդել բոլոր առարկաները ոչ թե առանձին թեմաներով, այլ որպես մի ցանցային կառույց, որտեղ բոլոր մասերը փոխկապակցված են: Որպես միասնական ցանց՟ ուսումնական ծրագիրը փորձում է հզորացնել երեխաների արժանապատվության զգացումը, ընդհանուր առմամբ բնության, եւ մասնավորապես՟ իրենց հայրենիքի՟ Հայաստանի բնական աշխարհի հետ դրական կապ ստեղծելու հնարավորություն տալ:
Ուսումնական ծրագիրը հիմնված է գործնական փորձի եւ այդ փորձը երեխաների շրջակա միջավայրում արմատավորելու վրա: Ուսումնական ծրագրի կորիզը այն գաղափարն է, որ յուրաքանչյուր «Արեւորդի» էկո-ակումբում երեխաները ֆիլմ են նկարահանում հենց իրենց համայնքի բնապահպանական որեւէ խնդրի մասին: Բացի յուրաքանչյուր առարկայի մասին ընդհանուր համառոտ ներածությունից, բնապահպանական օրենսդրության, էկոլոգիայի, լրագրության եւ համակարգչային հմտությունների պարապմունքների բուն բովանդակությունը միշտ առնչվում է տեղական այն բնապահպանական խնդրին, որ երեխաները ուսումնասիրում են իրենց ֆիլմում:
Մեթոդաբանական առումով ուսումնական ծրագրում շեշտվում է երեխաների մասնակցությունը ուսումնառության գործընթացին: Նրանք ոչ թե դասավանդման օբյեկտ են հանդիսանում, այլ դասվարները խրախուսում են նրանց, որ երեխաներն իրենք կազմեն իրենց դասերը: Ուսուցիչները հարցնում են երեխաների կարծիքը, հնարավորություն տալիս նրանց բաց քննարկման միջոցով ներկայացնել իրենց գաղափարները եւ խնդիրների ընկալումը:
«Արեւորդի» էկո-ակումբների մանկավարժական հիմնական սկզբունքը պատանիների մոտ ինքնորոշման, քննադատական ընկալման եւ ժողովրդավարության դաստիարակումն է:
Բնապահպանության թեմայով սեփական ֆիլմ նկարահանելը, ինչպես նաեւ սեփական նախագծերի մշակումը եւ իրականացումը ավելացնում են երեխաների գիտելիքները եւ մարզում նրանց մտավոր ունակությունները:
Բացի այդ, դա դրական կերպով է անդրադառնում գլոբալացված աշխատուժի շուկայում եւ ժամանակակից քաղաքացիական հասարակությունում իրենց տեղը գտնելու նրանց ապագա հնարավորությունների վրա: Այսպիսով, հուսանք, որ «Արևորդի» էկո-ակումբների պատանի սաները հետագայում փորձառու մասնագետներ և պահանջատեր քաղաքացիներ կդառնան, կմասնակցեն ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին և կայուն կերպով կտնօրինեն Հայաստանի բնական ռեսուրսները:
«Արեւորդի» ամառային ճամբարը
2007թ.-ից սկսած ամեն տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը երկու շաբաթ տեւողությամբ ամառային ճամբար է կազմակերպում «Արևորդի» էկո-ակումբների ամենաակտիվ անդամների համար:Հայաստանի բոլոր մարզերից 12-16 տարեկան մոտ 60 երիտասարդներ հավաքվում են բնության մի անկյունում՟ բնապահպանական տարբեր թեմաներով ինտենսիվ դասընթացների մասնակցելու նպատակով:
«Արեւորդի» ամառային ճամբարի ուսումնական ծրագրի ամենակարեւոր թեմաներն են.
Բացի այս թեմաներին ծանոթանալուց, «Արեւորդիները» բնության գրկում արշավների են մասնակցում, մշակութային վայրեր այցելում, նաեւ բնապահպանական եւ թիմի ամրապնդմանը նպաստող խաղեր խաղում:
«Արեւորդի» ամառային ճամբարի ուսումնական ծրագրի բոլոր թեմաները խիստ փոխկապակցված են: Միասին նրանք գործիք են ծառայում իրենց «բնապահպանական իրավունքների» վերաբերյալ պատանի մասնակիցների իրազեկվածությունը բարձրացնելու, նաեւ ապագայում իրենց տեղական համայնքներում այդ իրավունքները արտահայտելու, պահանջելու ու պաշտպանելու համար:
