Ստորագրվեց համաձայնության հուշագիր։




Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր։

Հուշագրի ստորագրմամբ նախատեսվում է ՀԱԱՀ և FPWC միջև հաստատել հեռանկարային համագործակցություն, որը հնարավորություն կտա ուսանողներին մասնակցել FPWC կողմից իրականացվող նախագծերին, ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ և անձամբ մասնակցել վայրի բնության և անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հետ տարվող աշխատանքներին։

Հուշագիրը ստորագրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Կարապետ Ասատուրյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից։

Ինչպես նշվում է հուշագրի տեքստում՝ դրա նպատակն է կողմերի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ, որոնք կնպաստեն երկու հաստատությունների միջև մասնագիտական և գործնական հարաբերությունների ձևավորմանը և կարգավորմանը: «Կողմերը միմյանց կտրամադրեն խորհրդատվություն Հայաստանի Հանրապետությունում ընտանի և վայրի կենդանիների ցեղատեսակների հայտնաբերման, գլխաքանակի հաստատման, հաշվառման, մատենավարման և կենդանիների հետագա բուժման վերաբերյալ»,- ասվում է հուշագրում:

Հուշագրի ստորագրումը մեծապես կնպաստի ուսանողների և փորձառու մասնագետների միջև փորձի փոխանակմանը, ինչի շնորհիվ ոլորտի զարգացումը նպատակային աճ կգրանցի։

Comments are closed.