Չկալովում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել են ջրամատակարարման բարելավման ծրագրով գյուղական համայնքներում համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները:

Նախագծի շրջանակում Լոռու մարզի Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ:

Չկալով գյուղում առկա մշտական հիմնախնդիրներից  մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը : Բնակիչներն օգտվել են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որը վաղուց սակավաջուր էր դարձել: Խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվել է՝ համայնքային բյուջեի սղության պատճառով:

Համայնքի համար կենսական նշանակություն  ունեցող այդ խնդրի լուծման գործում  իրենց ներդրումն են ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր անձնական միջոցներից հատկացրել է շուրջ 13 400 000 դրամ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հատկացնելով շուրջ 11 000 000 դրամ, և «Նոյարք» հիմնադրամը՝ շուրջ 13 700 000 ՀՀ դրամ մասնակցությամբ: Ջրագծի կառուցման աշխատանքները կատարվել են համայնքի բնակիչների՝ հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Իրականացված ծրագրի արդյունքից կօգտվի 74 ընտանիք:

Comments are closed.