Տիգրանաշեն համայնքի բնակիչներն այլևս ունեն 24-ժամյա խմելու ջուր




 
Մարտի 16-ին, Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում տեղի ունեցավ «Խմելու ջուր Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագրի շրջանակում ներդրված նորակառույց ջրագծի բացման արարողությունը։ Ջրագիծը ներդրվել է  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և   Էյչ-Էս-Բի-Սի Խմբի (HSBC) կողմից համատեղ ծրագրի իրականացման արդյունքում`  HSBC բանկի ֆինանսավորմամբ։ Այսուհետ համայնքը կունենա նոր ջրամբար և շուրջօրյա ջրամատակարարման ցանց։

Ծրագրի իրականացման նախապայման էր հանդիսանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) աշխատակիցների կամավորական հիմունքներով մասնակցությունը։ Կամավորները բազմիցս այցելել են Տիգրանաշեն համայնք, հանդիպել տեղի բնակիչներին՝ տեղեկանալով վերջիններիս խնդիրների մասին և գնահատելով ջրագծի շինարարական աշխատանքների առաջընթացը։ Բացի այդ, կամավորները վարել են ջրի պահպանման, խնայողության և գիտակից օգտագործման թեմաներով դասըթնացներ Տիգրանաշեն, Պ․Սևակ և Գառնի համայնքների դպրոցականների համար։

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Պ․ Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը։

Բացման արարողությանը հաջորդեց HSBC Հայաստանի կամավորական ծրագրի շրջանակներում իրականացվող ջրի թեմային նվիրված լուսանկարչական մրցույթը երեք անվանակարգով՝ «Ջուրը և բնությունը», «Ջուրը և մենք», «Առանց ջրի»։ Մասնակիցները քվեարկեցին լավագույն լուսանկարների համար, որից հետո որոշվեց հաղթողը։

Միջոցառմանը միացել էին նաև FPWC-ի ArAves էկո-ակումբի կամավորները։ Միջոցառման ավարտից հետո վերջիններս HSBC-ի մի խումբ կամավորների հետ միասին մասնակցեցին Տիգրանաշեն համայնքի հարակից տարածքում կազմակերպված քայլարշավին։

Comments are closed.