Որսագողության դեմ պայքարն անզիջում է լինելու: Հանդիպում – քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Ս.թ  օգոստոսի 5-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում  քննարկվեցին  որսի կանոնակարգմանն ուղղված միջոցառումները Վայոց ձորի մարզում:

Մասնավորապես համայնքաբնակներն ու Վայոց ձորի անտառտնտեսության պետը նշեցին, որ մարզում որսորդությունը չի կազմակերպվում որսահանդակներում, ինչն օրենքի պահանջ է, այլ տեղի է ունենում բոլոր այն վայրերում, որտեղ առկա են կենդանիներ, հաճախ են սահմանված թվաքանակից շատ ավելի շատ քանակությամբ որսալու և ձկնորսության դեպքերը, որոնք հետագայում վաճառվում են մարզի ռեստորաններին կամ օգտագործվում այլ բիզնես նպատակներով:

Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշեց, որ մարզի Ռինդ բնակավայրում որսասեզոնը մարտադաշտ է հիշեցնում, թեպետ Ռինդ բնակավայրը ներառված չէ որսահանդակների քարտեզում:

Քննարկվեցին որսորդական թույլտվության ստացման, որսորդական մինիմումների հանձնման կարևորության, համայնքի կողմից վերահսկողության հնարավորության, որսագողության դեմ պայքարի միջոցառումներ և այլ հարցեր:

Հիմնադրամի կողմից առաջարկություն եղավ որսահանդակների քարտեզ –սխեմաներից հանել այն տարածքները, որոնք ըստ հավաքագրված փաստական տվյալների կարմիրգրքյան կենդանատեսակների միգրացիոն ուղու մաս կամ բնադրավայր են:

Հիմնադրամի կողմից նաև բարձրաձայնվեցին որսորդական գործունեությունը կարգավորող օրենսդրական բացերն ու վիճահարույց դրույթները՝ միաժամանակ առաջարկելով համատեղ աշխատել դրանց վերանայման ուղղությամբ՝ նախքան պետական համակարգված կանոնակարգումը:

Մարզային բնապահպանական տեսչական մարմնի ներկայացուցիչը նշեց, որ որսահանդակների տարածքների մեծության պատճառով վերջիններիս ռեսուրսները չեն բավականացնում վերահսկողության համար:

Կողմերը համաձայնության եկան  որսասեզոնին ընդառաջ հատուկ խմբեր ստեղծելու 24/7 ռեժիմով տարածքային վերահսկողություն կատարելու նպատակով՝ բացառելու համար որսագողության որևէ դեպք մարզի տարածքում: Այս նախաձեռնությանը Հիմնադրամն աջակցելու է սեփական տրանսպորտային միջոցներով անտառապահներին ներգրավելու,  մասնագիտական և իրավաբանական խորհդատվության միջոցով:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համայնքաբնակներին գորշ արջերի կողմից պատճառված վնասի փոխհատուցման հնարավորությունը, ուր կարևորվեց ապահովագրական համակարգի ներդրումն ու էլ. հովիվներով այգիների պաշտպանությունը:

Հիմնադրամն այս հարցում նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցելու համայնքաբնակներին՝ տրամադրելով 1,000,000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամի չափով դրամական օգնություն, ինչպես նաև էլ. հովիվներ նվիրաբերելով:

Comments are closed.