22 պատանի բնապահպան՝ «Արևորդի ամառային դպրոցում»




Այս տարի «Արևորդի» ամառային դպրոցին մասնակցեցին 22 պատանի բնապահպաններ Հայաստանի 5 համայնքներից։ «Արևորդի» էկոակումբների ցանցը, որ գործում է 2006 թվականից, մինչև օրս էկոկրթություն է տրամադրել ավելի քան 2000 երեխաների Հայաստանի բոլոր մարզերից։ Օգոստոսի 8-15-ը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում անցկացվող ամառային դպրոցի մասնակից երեխաները Գառնի, Ուրցաձոր, Լուսաշող, Խաչիկ և Արփի համայնքներից էին։

Պատանի արևորդիները հնարավորություն ունեցան ունկնդրելու բնապահպանական թեմայով դասախոսություններ, մասնակցելու վայրի կենդանիների պաշտպանության թեմայով դատավարական խաղի, հաղթահարելու քվեսթ-արշավի բարդությունները, վերամշակել թափոններ, նկարել թեմատիկ էկո-պատկերապատումներ, հաճելիորեն անցկացնել հանգստի ժամերը՝ խաղերով, պարերով ու երգերով։ Մասնակիցները UNICEF Հայաստանի տրամադրած երեխայակենտրոն գրքույկների օգնությամբ մանրամասն ուսումնասիրեցին նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և Կայուն զարգացման նպատակները։

Ամառային դպրոցի ընթացքին հետևում էին «Արևորդի» էկո-ակումբներ նախագծին աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Բելլա Գորդոնը ԱՄՆ Անտառային ծառայությունից և Ռոբ Շելդոնը Միջին Արևելքի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի թռչնաբանական միությունից (OSME)։

«Արևորդի» էկոակումբների ցանցը կրթական նախագիծ է, որի նպատակն է բնապահպանական և քաղաքացիական կրթություն տրամադրել Հայաստանում բնակվող երեխաներին։ Որպես կրթական տարվա ավարտական աշխատանք, ակումբներից յուրաքանչյուրը հեղինակում է մինչև 15 րոպեանոց ֆիլմ՝ իրենց տեղանքի բնապահպանական որևէ խնդրի վերաբերյալ։ «Արևորդու» գործունեության տարիների ընթացքում այդ ֆիլմերից շատերը շրջել են տարբեր փառատոներով ու տուն վերադարձել մրցանակներով։

Comments are closed.