Կանաչ լուրեր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանից




Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ուտելի այգին առաջին ծիլերն է տալիս։ Նախագիծը, որ մեկնարկել է 2016թ.-ի սկզբին, ներառում է Հայաստանում առաջին անգամ պերմակուլտուրայի ու ագրո-անտառաբուծության մեթոդների կիրառմամբ ուտելի անտառի ստեղծում։

Մինչև տարեվերջ նախատեսվում է տնկել մոտ 350 վայրի պտղատու ծառ, ավելի քան 500 հատապտղային թփեր, մի շարք բանջարաբոստանային մշակաբույսեր, ինչպես օրինակ  գազարը, բազուկը, մաղադանոսը, սամիթը, սխտորը, ֆենհելը, թուրինջխոտը, նեղտերև նարդոսը։ Ընդհանուր թվով  7 շարահարկ, որոնք էկոլոգիապես փոխլրացնում են միմյանց։

Ուտելի այգու «բարիքները» կներկայացվեն  Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կրթական կենտրոնի այցելուներին և զբոսաշրջիկներին՝ որպես «անմիջապես այգուց ստացված» գյուղական մթերք։ Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան նաև մասնակցել մշակման գործընթացին։

Պերմակուլտուրան էկոհամակարգի կառուցվածքի և առանձնահատկությունների մոդելավորումն է կամ պարզապես դրա օգտագործումը՝  գյուղատնտեսության և  լանդշաֆտային նախագծման սկզբունքներով։

Ագրո-անտառաբուծությունն էլ ծառերի, թփերի, բույսերի և ընտանի կենդանիների համատեղության սկզբունքով անտառների  վերատնկման համալիր մոտեցում է։ Այն միավորում է գյուղատնտեսության և անտառաբուծության տեխնոլոգիաները՝ ստեղծելու բազմազան, արդյունավետ, առողջ և կայուն հողօգտագործման համակարգեր։

Ծրագրի իրականացմանն աջակցում է Otterfund հիմնադրամը:

Comments are closed.