EAZA-ն դասընթաց կանցկացնի Երևանի կենդանաբանական այգում

Որպես Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայիEaza Academy (EAZA) թեկնածու անդամ, Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 1-ից 4-ը կհյուրընկալի EAZA ակադեմիայի դասընթացավարներ Սալլի Բինդինգին և Մարկ Քինգսթոնին: 4-օրյա դասընթացի հիմնական թեմաներն են կենդանիների բարեկեցության կառավարումը և կենդանիների զբաղվածությունը: Դասընթացը կազմակերպվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ:

Կենդանիների բարեկեցության դասընթացների նպատակն է տեսական և գործնական գիտելիքներ տրամադրել կենդանաբանական այգու աշխատակիցներին՝ կենդանիների բարեկեցության համար անհրաժեշտ նախադրյալների և գործոնների վերաբերյալ: Կենդանիների զբաղվածության մասին դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն ինչպես հնարավորություն տալ կենդանիներին կենդանաբանական այգում դրսևորել իրենց բնական վարքագիծը՝ հաշվի առնելով սոցիալական շփումները, ֆիզիկական վիճակը, բնական միջավայրը, իմացական և զգացական առանձնահատկությունները:

Այս դասընթացը նոր գիտելիքներ ու հմտություններ կփոխանցի Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմին, ինչն, իր հերթին, այգու կենդանիների կենսապայմանների   բարելավման դրական նախապայման կդառնա:

EAZA ակադեմիան առաջարկում է դասընթացների մեծ շրջանակ՝ կենդանաբանական այգիների և ակվարիումների անդամ հաստատությունների արհեստավարժության մակարդակը բոլոր ենթաոլորտներում բարձրացնելու համար: Երևանի կենդանաբանական այգին EAZA-ին անդամակցության համար անհրաժեշտ պահանջների իրականացման փուլում է: Այդ շարքում կարևորներից է Կենդանատեսակների միջազգային տեղեկատվական համակարգին (ISIS) անդամակցությունը 2014թ. սեպտեմբերին:

Ի դեպ, Երևանի կենդանաբանական այգին անվճար անգլերենի դասընթացներ է կազմակերպում իր աշխատակիցների համար՝ ինչը կընդլայնի նրանց վերապատրաստման, ժամանակակից առցանց համակարգերի հետ աշխատելու, մասնագիտական թարմ գրականությամբ գիտելիքները համալրելու հնարավորությունները:

Comments are closed.