Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մասնակցեց ս.թ. փետրվարի 29-ից մարտի 3-ը բնության պահպանության Գերմանիայի դաշնային գործակալության կողմից Վիլմ կղզում անցկացված աշխատաժողովին, որը նվիրված էր բնական պաշարների օգտագործմանն ու արդյունավետ կառավարմանը` բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնահատուկ շեշտադրումով:
Աշխատաժողովին մասնակցում էին Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի, և կովկասյան երկրների հասարակական հատվածի և կառավարությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովն ընդգրկում էր նաև հաջողության պատմությունների, ինչպես նաև մինչ այժմ բնության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների ներկայացում՝ ուշադրությունը կենտրոնացնելով վտանգված տեսակների պաhպանության, պահպանվող միջսահմանային տարածքների կառավարման փորձի վրա: Աշխատաժողովը ներառում էր նաև խմբային քննարկումներ՝ ըստ տարածաշրջանների, որոնց ընթացքում առանձնահատուկ անդրադարձ եղավ առկա մարտահրավերներին ու նշված խմբային քննարկումների արդյունքում առաջարկված համապատասխան լուծումներին:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ներկայացրեց Հայաստանում, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում մասնավոր կառավարվող առաջին հատուկ պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի մոդելն ու անցած հինգ տարիների ընթացքում իրականացված բնապահպանական աշխատանքների արդյունքները: Աշխատաժողովում ամփոփվեցին ներկայացված եզրակացություններն ու առաջարկներն` այդ թվում նաև ուղղված մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքների հիմնմանը` իբրև բնության պահպանության և համայնքային զարգացման լավագույն միջոց: Սա ևս մեկ քայլ է, որն ապացուցում է բնապահպանական նման տարածքների հիմնադրման արդյունավետությունը ` ողջ տարածաշրջանի համար: