FPWC-ն վայրի կենդանիների փրկության մասշտաբային ծրագիր իրականացրեց Արցախում

1 (3)

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է փրկարարարական ծրագրերի իրականացումը։

Երջանկահիշատակ գործարար Լևոն Հայրապետյանի դստեր` Զարուհի Հայրապետյանի հրավերով՝ վայրի կենդանիների տեղափոխման ծրագիր է իրականացվել Արցախում։

Մասնավորապես, հիմնադրամը վեց արջերի տեղափոխեց Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվեց Երևանի կենդանաբանական այգուն։

Միջոցառումը իրականացվեց Արցախի Վանք գյուղի հարևանությամբ Հայրապետյաններին պատկանող  այգու տարածքում:

«‎Եվս մեկ կարևոր ձեռնարկ իրականություն դարձավ։ Հանդիսանալով EAZA-ի՝ Եվրոպական կենդաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի անդամակից կառույց, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծել է EAZA-ի բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան պայմանները կենդանիների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։ Տեղեկացնեմ նաև, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայրապետյանների ընտանիքին հետագայում օգնելու է ստեղծել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար վարժեցված կենդանիների հավաքածուով թերապիայի կենտրոն։ Վայրի կենդանիների փրկության ծրագիրն իրականացվում է International Animal Rescue կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ուրախ ենք, որ կազմակերպությունը մշտապես մեր կողքին է և աջակցում է մեր ծրագրերի իրականացմանը»,-նշում է ‎ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Սա արջերի փրկության ամենամեծ առաքելությունն է, որը FPWC-ի մեր գործընկերները կատարել են մինչ այժմ IAR-ի աջակցությամբ: Ցանկացած փրկարարական գործողություն, որը ներառում է գերի վայրի կենդանիների անզգայացում, պահանջում է մանրակրկիտ պլանավորում և իրականացում` ապահովելու կենդանիների և մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը: Տեղափոխումը տեղի է ունեցել ճիշտ ժամանակին: Շնորհավորում ենք Ռուբեն Խաչատրյանին և FPWC թիմին լավ կատարած աշխատանքի համար: Այժմ մենք պետք է մեր ուշադրությունը դարձնենք արջերին խնամելու, նրանց սննդարար սնունդ և անասնաբուժական բուժում ապահովելու հարցերին՝ բարելավելու նրանց առողջությունը և նրանց ապահովելու արժանի կյանքով»,- նշել է IAR-ի նախագահ Ալան Նայթը։

Տարբեր հաշվարկներով Հայաստանում մասնավոր տարածքներում՝ ռեստորաններ, գազաբենզալցակայաններ, բակեր, ապօրինաբար անազատության մեջ են պահվում հիսուն արջեր։

2017թ․հոկտեմբերից Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) ջանքերով մեկնարկել է այդպիսի արջերի փրկության լայնածավալ ծրագիր։

FPWC-ն Հայաստանում միակ կազմակերպությունն է, առ այսօր որը տեխնիկական, մասնագիտական եւ տարածքային հնարավորություն ունի ապահովելու ավելի բարեկեցիկ կյանք այդ արջերի համար։

FPWC-ն ծրագրի շրջանակում ակտիվորեն գործակցում է ՀՀ Բնապահպանության նախարարության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության հետ։

Այս պահի դրությամբ փրկվել եւ ազատավանդակներ են տեղափոխվել 35 արջեր։

Արջերի փրկության ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել «կանաչ» մտածողությունը Հայաստանում և արցախում ձևավորել հարգանք վայրի բնության առանձնյակների նկատմամբ եւ արմատախիլ անել վայրի գիշատիչ կենդանիներին անազատության մեջ պահելու արատավոր սովորույթը։

Comments are closed.