Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռեյնջերների (անտառապահների) թիմն արժանացել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) 2022 թվականի WCPA International Ranger Awards-ի։ FPWC-ն ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում առաջին կազմակերպությունն է, որն արժանանում է նման բարձր ու հեղինակավոր մրցանակի։
Մրցանակի մասին հայտարարվել է այս պահին տեղի ունեցող Աֆրիկայի պահպանվող տարածքներին նվիրված կոնգրեսի ժամանակ։ Մրցանակը նաև դրամական է․ դրանով ևս մեկ անգամ շեշտվում է հիմնադրամի կատարած աշխատանքի կարևորությունը։
«Մեզ համար մեծ պատիվ է, որ IUCN-ը ըստ արժանվույն գնահատեց հիմնադրամի և հիմնադրամի ռեյջերների կատարած երկարամյա աշխատանքն ու նվիրումը։ Կազմակերպությունն ամեն տարի ընտրում է լավագույն թիմերը, որոնք արժանանում են նման բարձր ու հեղինակավոր մրցանակի։ Ուրախ եմ, որ հիմնադրամի ռեյնջերների կատարած աշխատանքը գնահատվում է միջազգային հանրության կողմից»,-նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նշենք, որ Բնության պահպանության միջազգային միությունը (International Union for Conservation of Nature, IUCN) զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրներով։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիտողի կարգավիճակ։ Միության շտաբը գտնվում է շվեյցարական Գլանդե քաղաքում։
Միության մեջ մտնում է 82 պետություն, 111 կազմակերպություն։ Հայաստանից IUCN-ի անդամ կազմակերպություններ են FPWC-ն և «Արավես» հասարակական կազմակերպությունը։