Լիզա Պասկալ Դավիդսոնը Հայաստան է եկել մարդ-վայրի բնություն հակամարտության հետևանքով առաջացած տնտեսական կորուստների գնահատման նպատակով։ Լիզան Միացյալ Թագավորության Քամբրիա համալսարանի ուսանողուհի է։ Ուսումնական այս տարում կենդանիների վերաբնակեցում է ուսումնասիրում և կենդանիների պահպանության ոլորտում աշխատանքային փորձառություն ձեռք բերում։ Մինչ Հայաստան գալը 4 ամիս անցկացրել է Նիդերլանդներում և բուսական աշխարհի ուսումնասիրություն է կատարել։
Լիզան Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) օգնությամբ չորս ամիս տևողությամբ հետազոտություն կանցկացնի հիմնադրամի կողմից կառավարվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) և հարակից Արարատի մարզի Ուրցաձոր և Լուսաշող գյուղերում։ Ուսումնասիրության նպատակն է պարզել գայլերի և արջերի հարձակումների ազդեցությունը գյուղատնտեսության վրա, ինչպես նաև իրականացվող կանխարգելիչ միջոցների արդյունավետությունը։ Գնահատման հիման վրա Լիզան առաջարկություններ կներկայացնի, որոնք կօգնեն նվազեցնել մարդ-վայրի բնություն հակամարտության հետևանքները։
«Հաճելիորեն զարմացած եմ Հայաստանի մշակութային և պատմական հարստությամբ, էլ չասած, թե ինչքան հրաշալի են բացօթյա սարճարաններն ու գինետները։ Բոլորը շատ բարեհամբույր են և հյուրընկալ, կարծես տանը լինեմ»,-ասում է Լիզան և խոստովանում, որ գալուց առաջ գրեթե ոչինչ չգիտեր Հայաստանի մասին։