Գյումրիի առյուծները տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի




Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց դեռ անցած տարի փրկված  մայր Մերի և նրա երկու ձագեր՝ Զիտա և Գիտա առյուծները տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի։

2016 թվականի փետրվարի 10-ից երեք առյուծները տեղափոխվեցին  Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC):

Կենտրոնում կենդանաբույժների  մշտական վերահսկողության ներքո  առյուծներն անցան վերականգնողական (ռեաբիլիտացիոն) բոլոր փուլերը. նախկինում չափազանց ագրեսիվ, թերքաշ և անհանգիստ առյուծների մորթն արդեն վերականգնվել է, քաշն՝ ավելացել, իսկ անցյալում մշտապես դիտվող կերի  համար միջտեսական կռիվներն իսպառ վերացել են: Անհրաժեշտ պատվաստումներից, ճիճվաթափումներից  ու բուժումներից հետո մասնագետներն ուրախությամբ նշում են, որ առյուծներն այլևս առողջ են:

Այժմ նրանք ապրում են մեկ խմբում՝ Երևանի կենդանաբանական այգում պահվող աֆրիկյան առյուծների մյուս ընտանիքի հետ:

Երևանի կենդանաբանական այգու նոր՝ աֆրիկյան առյուծների ազատավանդակն ավելի քան 3.5 հա զբաղեցնող և միջազգային ստանդարտներին համապատասխանող կացարան է, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմաններն առյուծների բարեկեցության համար։  Այս և մյուս նոր ազատավանդակները կառուցվել են Երևանի  կենդանաբանական այգու բարեկարգման և արդիականացման ծրագրի շրջանակներում, որը 2015թ.-ից իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երկու արջերի և երեք առյուծների կացության հանդեպ ուշադրությունը սևեռվեց բրիտանական The Daily Mail թերթում «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» անվանումը կրող հրապարակումից հետո:

2016-ի տարեսկզբին FPWC-ն՝ Համաշխարհային կենդանաբուժական ծառայութան (WVS) հետ համատեղ, կազմակերպեցին երեք առյուծների փրկումն ու տեղափոխումը կարանտինային կայան։

2016-ի մարտի 23-ին էլ FPWC-ին՝ Բրիժիտ Բարդո հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ, իրականացրեց փրկված երկու արջերի՝ Մաշայի և Միշայի տեղափոխումը Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան: Ապաստարանը մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։

Comments are closed.