Այս տարի առաջին անգամ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկների մի մասը հերբարիումներ կազմեցին: Խոնարհված ծաղիկները կչորացվեն՝ ամբողջապես պահպանելով գունային երանգները և տեսքը:
Տասնամյակներ շարունակ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկները տեղափոխվում էին աղբատեղի: «Ծաղկահավաք»-ի գաղափարը հատուկ խորհուրդ ունեցող այդ ծաղիկներին երկրորդ կյանք նվիրելն էր: Ու այնքան համահունչ էր տասնյակ հազարավոր մարդկանց ակնկալիքներին, որ կարճ ժամանակում բոլորինը դարձավ՝ որպես ապրիլի 24-ի բնականոն շարունակություն: Նախաձեռնությանը միացող կամավորների թիվը տարեցտարի աճում է: 2010թ.-ից ի վեր «Ծաղկահավաք»-ի իրականացմանն աջակցում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Հուշահամալիր բերված ծաղիկները, վերամշակման ենթարկվելով, երկրորդ կյանք են ստանում. դրանք նախ հավաքվում են, ցողունն անջատվում է ծաղկաթերթերից ծաղկաթերթերը չորացվում և օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար, իսկ ցողունները վերածվում են կենսածին պարարտանյութի: Այս տարի ցողուններից կենսահումուս ստանալ կօգնեն Երևանի բուսաբանական այգին և ՕՌՎԱԿՈ ՍՊԸ հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը: Իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր և բացիկներ կպատրաստվեն:
Արդեն ինքնակազմակերպվող դարձած նախաձեռնությանն, ի թիվս հազարավոր կամավորների, այս տարի միացան ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիզլերը (Matthias Kiesler), Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Միջոցառման նախաձեռնող թիմին այս տարի միացավ ՀԲԸՄ Երևանի սկաուտների խումբը, որը, ծաղկաթերթերի չորացումից հետո, կմասնակցի նաև թղթի վերամշակման աշխատանքներին:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և աջակիցներին: