Ապաստարանում փորձարկվեցին նոր հայ-թեք սարքավորումներ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մասնակցեցին մշտադիտարկման նոր սերնդի տեսանկարահանող և հեռահար դիտարկման սարքավորումների փորձարկմանը:

2015թ.-ին ապաստարանի պահպանվող տարածքն ընդլայնվել է` նախկին 2000 հեկտարից հասնելով 4000 հեկտարի: Անտառապահների տեխնիկական բազան համալրվել է նորագույն սարքավորումներով, այդ թվում` անօդաչու տեսախցիկով, հեռահար երկդիտակներով և բարձր ճշգրտության հեռադիտակներով: Այս սարքավորումների գործարկման արդյունքում, ի թիվս նախկինում հաշվառված կենդանիների, տարածքում հայտնաբերվել են մի շարք այլ վտանգված տեսակներ. հայկական իժ, անտառային կատու, սապսան և այլն (բոլորը՝ Կարմիր գրքում գրանցված տեսակներ):

Մշտադիտարկման արդյունքներն արտահայտվել են երկրատեղեկատվական GIS քարտեզում, որը հնարավորություն է ընձեռում արձանագրելու կենդանատեսակների գտնվելու բոլոր հնարավոր վայրերը, որոշելու վերջինների շարժի հետագիծը, նախընտրելի տեղանքը: GIS քարտեզները կենսաբազմազանության մանրամասն վերլուծության խիստ կարևոր գործիք են և աշխարհում կիրառվող ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:

Ծրագրի արդյունքների ներկայացմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի բնակիչներ:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մեկնարկող ևս մեկ երկարաժամկետ լայնածավալ ծրագրի մեկնարկը։ Վտանգված կենդանատեսակների վերարտադրման և բնություն ետվերադարձի ծրագիրը կիրականացվի հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու հետ համատեղ։

Comments are closed.