2016 թ-ի փետրվարի 26–ին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FWPC), ու իր գործընկեր Fauna & Flora International (FFI) կազմակերպությունը համատեղ համաժողովի ընթացքում ամփոփեցին «Վայրի կենդանատեսակների և բուսատեսակների առևտրի գնահատում Հայաստանում» ծրագրի հիմնական արդյունքները՝ ներկայացնելով նաև համապատասխան առաջարկներ:
Համաժողովին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ՀՀ ԳՆ), ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության ներկայացուցիչներ:
Ծրագրի հիմնական նպատակն էր անդրադարձ կատարել Հայաստանում վայրի կենդանատեսակների ու բուսատեսակների առևտրի բնագավառում առկա խնդիրներին` ուշադրությունը կենտրոնացնելով հետևյալ երեք առանցքային խնդիրների վրա.
- առաջնային կարևորության տեսակների և շուկաների ցանցերի առանձնացում
- ներքին, ինչպես նաև միջազգային առևտրին վերաբերող օրենսդրական դաշտի սահմանում
- առաջարկների և համապատասխան ռազմավարությունների մշակում:
Ծրագիրն իրականացվել է 6 ամիսների ընթացքում՝ 2015-ի սեպտեմբերից մինչև 2016-ի փետրվար ընկած ժամանակահատվածում, ներառելով իրավիճակի վերլուծություն և շուկայի հետազոտություն մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև դաշտային հետազոտական աշխատանքների իրականացում ու հարցազրույցների անցկացում Հայաստանի 14 համայնքներում և երեք թիրախային մարզերում (Արարատ, Վայոց Ձոր և Գեղարքունիք): Ծրագրում ընգրկված էր 96 որսորդ, 43 ձկնորս և 62 վայրի խոտաբույսեր հավաքող:
Հետազոտության հիմնական արդյունքներն, ինչպես նաև իրավական դաշտի վերլուծությունը համապատասխան միջամտության առաջարկներով, կամփոփվի համատեղ հաշվետությունում, որը և կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ հետագա քայլերի իրականացման նպատակով:
FPWC-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին ու ներգրավված կազմակերպություններին՝ ծրագրի հաջող ավարտին իրենց ներդրումն ունենալու համար: