Լրագրողները ծանոթացել են բանտարկված կենդանիների խնդրին




Օրերս Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարանը լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Դասընթացին մասնակցել են տասնյակ գործող լրագրողներ, ինչպես նաև՝ լրագրության ոլորտի սկսնակ և ուսանող լրագրողներ, որոնց համար այս աշխատարանը լավ հնարավորություն է հմտանալու Հայաստանի բնապահպանական խնդիրների լուսաբանման շուրջ։ Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրներին, հնարավորություն են ունեցել համեմատել այդ խնդիրներն աշխարհում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև ուսումնասիրել են իրավական կարգավորումները, որոնք գործում են երկրի ներսում։

Միջազգային փորձառու կենդանաբույժ Իման Մեմարիանը ներկայացրել է աշխարհի կենդանաբանական այգիների, վերականգնողական կենտրոնների փորձը, ինչպես նաև՝ այն խնդիրները, որոնց բախվում է ամբողջ մարդկությունը։ Նա նաև ներկայացրել է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի էությունը և թե ինչ մեթոդներ են կիրառվում աշխարհում կոնֆլիկտի հաղթահարման ուղղությամբ։ Իման Մեմարիանը լրագրողներին ծանոթացրել է նաև Ուրցաձոր համայնքում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) հետ, պատմել արջերի փրկության ծրագրի մասին։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Վահան Սարգսյանը դասընթացի ընթացքում խոսել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների մասին, որոնց շնորհիվ ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Էկոնյուզ բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը ներկայացրել է, թե Հայաստանում որքան խորացված է այժմ անազատ պայմաններում բանտարկված կենդանիների խնդիրը, ինչ տեսակի և քանի կենդանի կա բանտարկված երկրի տարածքում, փոխանակվել մասնակիցների հետ իր փորձով և ներկայացրել ոլորտի լուսաբանման ընթացքում առկա դժվարությունները։ Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը մասնակից լրագրողներին որոշակի գիտելիքներ է փոխանցել լավ լուսանկար ստանալու տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, ինչը շատ օգտակար է լրագրողական աշխատանքի ընթացքում։

Ամփոփելով դասընթացը հայտարարվել է նաև մասնակից լրագրողներին սպասվող մրցույթի մասին, որի հաղթողին կշնորհվի պարգև։ Մասնակից լրագրողները դասընթաց-մրցույթի արդյունավետությունը բարձր են գնահատել՝ ընդգծելով, որ թեման հետաքրքիր է և բազմաշերտ, ունի մանրակրկիտ ուսումնասիրման կարիք։

Դասընթաց-աշխատարանն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) համագործակցության շրջանակներում։

Comments are closed.