Բնապահպանական պայքար՝ գույների լեզվով




Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփեցին Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքները։ Այս անգամ մրցույթին ներկայացված էր ավելի քան 600 նկար։ Հայաստանի և սփյուռքի 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ դրանց միջոցով պատկերել էին բնության և շրջակա միջավայրի մասին իրենց մտորումները: Հայտարարված 3 անվանակարգում մրցանակ ստացավ 12 պատանի:

Ամենամյա, գունեղ Համահայկական նկարչական 9-րդ մրցույթն աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս միավորվելու և բնապահպանությանն առնչվող իրենց պատկերացումներն ու մտահոգություններն արտահայտելու նկարների միջոցով: Արդյունքում՝ բնապահպանական խնդիրները գույն ու բովանդակություն են ստանում և դառնում առավել ազդեցիկ ու սթափեցնող: Արդեն 9 տարի մրցույթի մասնակիցները պայքարի իրենց ձայնը լսելի են դարձնում ներկերի լեզվով:

«Բնապահպանական պայքարի այն տարբերակը, որն ընտրել են մրցույթի մասնակիցները՝ յուրահատուկ է և արդյունավետ: Այստեղ դժգոհությունն արտահայտվում է լուռ, բայց՝ դիպուկ: Աղաղակում է ոչ թե մարդու խոսքը, այլ՝ բնությունն ինքը: Յուրաքանչյուր մասնակից դառնում է իր իսկ նկարով բարձրացրած հարցի պատասխանը կրողը՝ պարտավորվելով հետագայում ուշադիր լինել շրջակա միջավայրի պահպանության: Կրթվում է մի ամբողջ սերունդ, որն առավել քան կարևոր է»,-ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի թեմաներն էին՝

• Եթե բնությունը խոսեր
• Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին
• Երկրագունդն առանց մեզ
«Այս տարի լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Միասին անցած ճանապարհը լի էր ձեռքբերումներով, արդյունքները՝ շոշափելի։ Բայցի այն, որ «Արևորդի» էկո-ակուբների հազարավոր սաներ Հայաստանի բոլոր մարզերից բնապահպանական կրթություն ստացան, ակումբներն առանցքային դեր ունեցան նաև նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։ Շատերը նույնիսկ իրենց համար բացահայտեցին արտերկրում ուսանելու հնարավորություններ և այս պահին էլ ձեռնամուխ են լինում իրենց երազանքների իրականացմանը։ Էկո-ակուբներում արևորդիները ձևավորեցին և զարգացրեցին էկոլոգիական մտածողություն, որն անկախ մասնագիտությունից՝ ամբողջ կյանքում կուղեկցի նրանց։ Սա է հայրենիքի, շրջապատի ու մոլորակի համար պատասխանատու քաղաքացու մեր տեսլականը»,- ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթն ժյուրիի կազմում էին՝ դիզայներ Սամվել Վանոյանը, նկարիչ Սամվել Սաղաթելյանը և «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Արևորդի» բնապահպանական էկո-ակումբների ստեծմանը և կայացմանը նպաստելու, հիմնադրամի էկո-կրթական ծրագրերին աջակցելու, նոր սերնդի բնապահպանական մտածելակերպի ձևավորման հարցում մեծ ավանդ ունենալու, բնապահպանական գաղափարախոսությունը Հայաստանի համայնքներում ինտեգրելու համար՝ FPWC – ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության և «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորվեց «Կայուն մոլորակ» մրցանակը։

Յուրատիպ ձեռակերտ մրցանակը պատրաստված է 7 տեսակ վերաշակված մետաղից, որը հեղինակել է արվեստագետ Սարգիս Բաղդասարյանը։

Comments are closed.