Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում նոր փորձարարությունները շարունակվում են




Այս տարի մեզ հաջողվել է մի ամբողջ դաշտ անչափ օգտակար ուտելի սերմ՝ սագախոտ /Քինոա; Quinoa; Chenopodium quinoa/ աճեցնել։ Սագախոտը հնագույն ծագում ունեցող բուսատեսակ է և յուրահատուկ տեղ է զբաղեցրել հնդկացիների սննդակարգում։ Ինկերի քաղաքակրթության մեջ սագախոտը եգիպտացորենի և կարտոֆիլի հետ միասին հանդիսացել է սննդի երեք հիմնական տեսակներից մեկը։ Ինկերն այն անվանել են «ոսկե հացահատիկ»։
Սագախոտն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան ցանկացած այլ հացահատիկ։ 2000-ականների կեսերին այս բուսատեսակի սննդային հատկությունները գրավել են առողջ սննդի կողմնակիցների ուշադրությունը, ինչից հետո էլ այն սկսել է լայնորեն տարածվել և կիրառվել։ Այս բուսատեսակը բավական հաջող աճում է չոր և ոչ այնքան բարենպաստ պայմաններում, բարձր լեռնային և քարքարոտ պայմաններում։
Սագախոտը ուտելի սերմ է, պարունակում է A, E և B վիտամիններ, հարուստ է բջջանյութով, կալցիումով, մագնեզիումով, ցինկով, ֆոսֆորով, երկաթով։ Բարձր քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային, հակաքաղցկեղային և հակասթրեսային ազդեցություն։

Comments are closed.