Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) անտառվերականգնման վերջին նախաձեռնությունը՝ տնկարանային տնտեսությունը, հիմնվել է 2016 թվականի փետրվարին։ Այն ծառայում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմանը։ Փակ արմատային համակարգով տնկիների արտադրությունը համարվում է բարձրորակ տնկանյութի արտադրության հիմնական մեթոդ։ Այս տեխնոլոգիայով արդեն ցանվել են ավելի քան 5000 հատ նշենու, խնձորենու, բալենու, սալորենու, տանձենու ու գերիմաստիի սերմեր:
Տնկարանային տնտեսությանը զուգահեռ փորձեր են տարվում նաև լցանյութի տարբերակների մշակման գործում։ Տորֆի և պերլիտի տարբեր հարաբերության խառնուրդներին ավելացվում է նաև հիդրոգել կոչվող ջրի կուտակիչ պոլիմերային նյութը։
Տնկարանային տնտեսությունը հիմնվել է Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամի և ԱՄՆ Անտառային ծառայության Միջազգային ծրագրերի համագործակցության շրջանակում: Ամերիկյան կազմակերպությունը նաեւ չափիչ սարքավորումներ է նվիրաբերել, որոնք հնարավորություն են տալիս մշտադիտարկել հիմնական բնակլիմայական պայմանները, որոնք աշխատանքն առավել դյուրին և փաստավորված են դարձնում։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) շարունկվում է անտառվերականգնման աշխատանքները: Նախաձեռնության հիմքում ընկած է առկա տեսակների վերարտադրության կազմակերպումը, որն իրականացվում է մի քանի փուլով՝ սերմերի հավաք, մշակում, բուսակների արտադրություն վերջում՝ վերատնկում։
Անտառվերականգնման աշխատանքների համար նախընտրելի տեսակների ու վայրերի առանձնացման հարցում ԿԿԱ աշխատանքային խումբը համագործակցում է տեղական արտերկրի հեղինակավոր մասնագետների հետ։ Իրականացված արշավախմբերի ընթացքում կատարվել է կենսաբազմազանության, բնակլիմայական պայմանների ուսումնասիրություն, որը հնարավորություն է տալիս ցուցաբերել համակարգված մոտեցում։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի /ԿԿԱ/ տարածքում անտառապատ տարածքները մեծ թիվ չեն կազմում, սակայն դրանք արժանի են հատուկ ուշադրության։ Գիհու նոսրանտառներն ու կաղնուտները տասնյակ դարեր առաջ եղել են խիտ անտառային զանգվածներ, որոնք էկոլոգիական գործոնների կամ մարդային ազդեցության արդյունքում գրեթե ամայացած դառնալով՝ շարունակում են կրել դարավոր պատմություն։ Դրանք հիմնական կենսամիջավայր են նաև շատ այլ տեսակների համար։ Ներկայումս քայքայման վտանգի եզրին են նաև մի շարք կղզյակներ և քայքայումը կանխելու լավագույն միջոցը կղզյակների միջեւ տարածքների նվազեցումն է՝ ծառատունկերի միջոցով։