Արտաքին լուսավորություն՝ շուրջ 40-ամյա դադարից հետո




Սահմանամերձ Բարձրունի գյուղը մեկն է այն բնակավայրերից, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո տարիներ շարունակ քայքայված ենթակառուցվածքների խնդիր է ունեցել: Այստեղ արտաքին լուսավորություն չի եղել շուրջ չորս տասնամյակ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, Նոյեմբերի 22-ին, գյուղն ամբողջությամբ ապահովվեց լուսավորությամբ: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում՝ տեղակայվեց 81 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ:

Ծրագրի առաջին փուլով 40 լուսարձակ տեղեկայելու արդյունքում լուսավորվել էր գյուղի հիմնական փողոցները: Ընթացիկ տարում համագործակցող կողմերն ավելացրեցին ևս 41 լուսարձակ՝ ամբողջությամբ կարգավորելով խնդիրը:

Սահմանամերձ գյուղ հերթական շրջայցի ընթացքում՝ համակարգի գործարկմանը մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և բնակիչները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել Զառիթափ համայնքի ֆինանսական բեռը, այլև՝ աշխուժացնել Բարձրունի գյուղի կյանքը։

«Այսպիսի բնակավայրերում առկա խնդիրների լուծման միջոցներից մեկը դրանց նկատմամբ համակարգված մոտեցումն է: Այս ծրագրի հիմքում առանձնացնում ենք կարևոր երեք թիրախ. սահմանին ապրող մեր հայրենակիցը, նրա ծախսերի կրճատումը և մարդ-բնություն կապի ներդաշնակությունը: Մենք ձգտում ենք ապահովել անվտանգություն, խնայողություն և բնապահպանություն: Սա մի նախաձեռնություն է, որն ունենալու է և՛ կարճաժամկետ և՛ երկարաժամկետ արդյունք»,-ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:

Լուսատուները բնակավայրի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Comments are closed.