Կանխելով վայրի կենդանիների առք ու վաճառքը Հայաստանում

Հայաստանն իրCITES CITES CITES աշխարհագրական դիրքի պատճառով դարձել է վայրի կենդանատեսակների և բուսատեսակների ապօրինի առք ու վաճառքի  տարանցիկ երկիր:

Փետրվարի 27-ին ամփոփվեց Վայրի բնության ապօրինի շահագործման կանխարգելմանն  ուղղված հնգօրյա դասընթացը, որը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությունն էր:  Դասընթացն իրականացվեց ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Մասնակիցները ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, Շիրակ և Արարատ մաքսակետերի, Զվարթնոց օդանավակայանի, ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Վրաստանի բնապահպանության նախարարության, Երևանի կենդանաբանական այգու և FPWC հիմնադրամի աշխատակիցներն էին, ինչպես նաև հետազոտող լրագրողներ:

Դասընթացը վարում էին «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներ՝ IFAW Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն Վիվեկ Մենոնը,  ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Մարիա Վորոնցովան, Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Էլսայեդը և բնապահպանական օրենսդրության միջազգային փորձագետ Չարլզ Մաքեյը:

«Հայաստանը բացառիկ երկիր է, որն ակամա դարձել է վայրի բնության ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ տարածք: Վայրի բնության դեմ հանցավորությունը քայքայում է երկրի տնտեսությունը եւ ավելացնում   համաճարակների ռիսկը: Այս ոլորտի հանցագործությունների կանխումը կնշանակի հարուստ ու ինքնատիպ բնական ժառանգության պահպանում, սա է Հայաստանի համար ամենակարևորը», – կարծում է Վիվեկ Մենոնը:

Վայրի կենդանատեսակների ապօրինի վաճառքին նվիրված դասընթացի թիրախում բոլոր այն հայաստանյան պետական կառույցներն էին, որ այս կամ այն կերպ առնչվում են վայրի կենդանատեսակների ներկրմանն ու արտահանմանը: Գործնական և տեսական դասընթացները շրջանակում քննարկվեց վայրի բնության ներկայիս վիճակը, վայրի բնության դեմ կատարվող հանցագործությունները, դաշտը կարգավորող միջազգային  ու տեղական օրենսդրությունները:

Դասընթացի առանցքում երկրների միջև հազվագյուտ կենդանատեսակների և բուսատեսակների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը կարգավորող կոնվենցիան էր (CITES), որին Հայաստանն անդամակցում է 2009թ. հունվարի 21-ից:

Փետրվարի 25-ին «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչները հանդիպեցին Հայաստանի բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ: Հանդիպմանը շեշտվեց՝ Հայաստանը CITES 2008-2013թթ. ուսումնասիրության մեջ հիշատակվում է որպես վայրի կենդանատեսակների ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ երկիր, ուստի անհրաժեշտ է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

Ընդունելով մարտահրավերի գոյությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ կողմերը մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին խնդրի լուծմանն ուղղված հետագա համատեղ նախաձեռնությունների շուրջ:

Comments are closed.