Բնապահպանության և համայնքային զարգացման խաչմերուկում․ քննարկում ԿԿԱ-ում




Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մարտի 4-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) նախաձեռնել էր «Մասնավոր պահպանվող տարածքների ստեղծման առավելությունները շահառու համայնքների համար» աշխատաժողով։ Հանդիպմանը ներկա էին Արարատի և Վայոց ձորի մարզերի համայնքների ղեկավարներ։

FPWC գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչյանը ներկայացրեց «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը, որի նպատակը համայնքային զարգացումն է՝ շրջակա միջավայրի պահպանության և էներգախնայողության բարձրացման միջոցով։ Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ էականորեն ավելանում է  համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը, ինչն էլ նպաստում է բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը։

FPWC  փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը և համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերը, համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման բիզնես նախագծերն ու դրանց կապը կենսաբազմազանության պահպանման ծրագրերի հետ։

FPWC  հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն էլ ներկայացրեց էկոգյուղերի ստեղծման լայնածավալ նախագիծը, որը նպատակ ունի կայուն կենսակերպի ներդրմամբ միավորել Արարատի և Վայոց ձորի մարզերի գյուղական համայնքները, ստեղծել և զարգացնել ենթակառուցվածքները՝ նպաստելով համայնքաբնակների տնտեսական կայուն զարգացմանը։ Ցանցում ընդգրկված գյուղերը կարևոր էկոլոգիական միջանցքներ են էնդեմիկ և կարմիրգրքային կենդանատեսակների համար։

Ծրագրի առանցքում մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը կրճատելն է։ Հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքները կարևոր դեր ունեն կենսաբազմազանության պահպանության հարցում․ FPWC-ին, կարևորելով դրանց դերը՝ նախաձեռնում և իրականացնում է կայուն զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր համայնքների ներգրավածությամբ։

Համայնքի ղեկավարները և ներկայացուցիչները կարևորեցին հանդիպումը, այն համարելով մասնավոր-պետական կառույց համագործակցության լավագույն օրինակ։ Ներկայացուցիչները պատրաստակամությամբ համձայնեցին իրենց ներդրումն ունենալ  ծրագրերի իրականացման գործում։

Ծրագրի իրականացմանն աջակցում է Otterfund-ը:

Comments are closed.