Եռօրյա բնապահպանական ճամբար՝ Ուրցաձորի էկոկենտրոնում




Հոկտեմբերի 28-ին Ուրցաձորի էկոկենտրոնում կայացավ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի և Քոլեջի սաների մասնակցությամբ եռօրյա բնապահպանական ճամբարը, որտեղ երեխաները հնարավորություն ունեցան ավելացնելու բնապահպանական գիտելիքներն ու  բնության հետ գրագետ հաղորդակցման հմտությունները:
Եռօրյա բնապահպանական ճամբարի  բովանդակությունը մշակվել էր «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի կողմից։ Սաներն ունեցան բնապահպանական  բաց պարապմուքններ ինչպես հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, այնպես էլ կենտրոնի մյուս մասնագետների վարմամբ։ Այնուհետև, Էկոկենտրոնի վայրի ծառատեսակների տնկարանում երեխաները ծանոթացան ծառերի աճեցման տեխնոլոգիայի և անտառավերականգման հայեցակարգի հետ։
Բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկումից և մի շարք դասախոսություններից զատ, կարևորելով ստացված գիտելիքները պրակտիկայում կիրառելը՝ սաները  անտառապահի հետ քայլարշավ-ձևաչափով ուսումնասիրեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքը, ինչպես նաև բացահայտեցին քարայծերի քարանձավը։
Բնապահպանական ճամբարը ամփոփվեց Արատեսի դպրական կենտրոնում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ:
Աշնանային ճամբարն իրականացվում էր «Սեբաստացիներ» կրթական  և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամների աջակցությամբ։
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի կողմից մեծ կարևորություն է տրվում  նմանօրինակ կրթական ծրագրերին, որոնք կհանդիսանան  «Արևորդի» էկո-ակումբի ստեղծված ցանցի շարունակություն։

Comments are closed.