Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կարող է օրինակ ծառայել Կովկասի այլ տարածքների համար (տեսանյութ)




Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) որպես բնապահպանական մոդել կարող է օրինակ ծառայել Կովկասի այլ տարածքների համար։ Այս մասին ասել է «BirdLife International» բնապահպանական գլոբալ ցանցի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի ցանցի զարգացման պատասխանատու Բրեխտ Ֆեղհելսթը /Brecht Verhelst/՝ խոսելով ապաստարանի ստեղծման կարևորության մասին։

Այս տարի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու առաջավորասիական հովազը:

Բրեխտ Ֆեղհելսթը պատմել է․ «Ես առաջին անգամ այցելել եմ CWR 2017թ․-ի ձմռանը, երբ տարածքը ծածկված էր ձյունով։ Ես միանգամից տպավորվեցի, թե ինչպիսի արդյունք է գրանցել FPWC-ն այնտեղ։ Հիմնադրամը ստեղծել է առաջին մասնավոր պահպանվող տարածքը Հարավային Կովկասում՝ ունենալով մեծ աջակցություն տեղի համայնքների կողմից։ Հիմնադրամը հասել է այս արդյունքին՝ ձևավորելով մի շարք փոքր բիզնեսներ` զարգացնելով էկո-զբոսաշրջությունը, չրերի և մեղրի արտադրությունը, իսկ անտառապահները պայքարել են որսագողության դեմ, ինչը տարածված էր այդ շրջանում։ Հետագայում, ես աշխատանքի կամ անձնական նպատակներով բազմիցս այցելել եմ CWR և ունեցել եմ հնարավորություն ուսումնասիրելու իրապես տպավորիչ վայրի բնությունը, օրինակ՝ արջերի, լուսանների և թռչունների շատ հազվագյուտ տեսակների»։

Ապաստարանի ստեղծման հիմնական գաղափարը տեղի հարուստ կենդանական և բուսական աշխարհի, մշակութային արժեքների պահպանությունն է անմիջապես տեղաբնակների մասնակցությամբ։ CWR կողմից պահպանվող տարածքները ձգվում են Արարատի մարզից մինչև Վայոց ձոր և Արցախ, իսկ անտառապահներ ներգրավվում են տեղի համայնքների բնակիչները։ Այսպիսով կարևորվում է ոչ միայն նախագծի բնապահպանական բաղադրիչը, այլև՝ սոցիալական։

Comments are closed.