Կանաչ շարժունակություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում






Ապրիլի 21-ին՝ Երկրի միջազգային օրվան ընդառաջ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ «Արևորդի» հ/կ-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկայացրին «Կանաչ շարժունակություն» (“Green Mobility”) նախագիծը: «Կանաչ շարժունակությունը» ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից:

Հանդիպում-դասընթացի ժամանակ ներկայացվեց ջերմոցային էֆեկտը, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակական տվյալները, հանածո վառելիքով աշխատող փոխադրամիջոցներից արտանետվող նյութերի վնասակարությունը:

Ամեն տարի հանածո վառելանյութերի այրվելու հետևանքով 25 միլիարդ տոննա ածխաթթու գազ է ավելանում մթնոլորտում. օրական 70 միլիոն տոննա, իսկ վայրկյանում` 800: Մենք շարունակ ավելացնում ենք ածխաթթու գազի ծավալը՝ այրելով հսկայական քանակությամբ հանածո վառելիք և վաթարացնում հետևանքները:

«Կանաչ շարժունակության» նպատակը ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոցների, մասնավորապես՝ էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է: Էլեկտրական հեծանիվներն ի տարբերություն սովորական հեծանիվների, հաճախակի օգտագործման համար համապատասխան են Երևանի ռելիեֆին և եղանակային պայմաններին՝ շնորհիվ էլեկտրական մարտկոցի առկայության:

Ապրիլի 22-ին էլ ողջ աշխարհում նշվում է Երկրի օրը: Օրվա խորհուրդն է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա: Այս օրը յուրաքանչյուրը պետք է խորհի և սրտացավորեն վերաբերի Երկիր մոլորակին: Խելամիտ և խնայողաբար օգտագործելով ջուրը, էներգիան, այդ օրը մեքենայով երթևեկելու փոխարեն հեծանվով տեղաշարժվելն այն «փոքրիկ գործերն» են, որ տոնի նախաձեռնողները փորձում են սերմանել:

Comments are closed.