Ամփոփվել են 10-րդ Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները



Օրերս՝ նոյեմբերի 20-ին ամփոփվել են Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները և հայտնի են դարձել հաղթող ֆիլմերը, ինչպես նաև՝ մի շարք ֆիլմեր արժանացել են հատուկ ուշադրության Փառատոնի կազմակերպիչների և ժյուրիի կողմից։

Փառատոնի փակման արարողությանը ներկա են գտնվել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթական հիմնադրամի նախագահ Աշոտ Բլեյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։ Արարողության ընթացքին ուղիղ կապով հետևել են ներկայացված ֆիլմերի հեղինակները, որոնք հնարավորություն են ունեցել նաև շնորհակալություն հայտնել հանդիսատեսին գնահատականի համար։

Ինչպես հայտնի է՝ Փառատոնն ունի մի քանի անվանակարգ, որոնց այս տարի ավելացել է ևս մեկը՝ «Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին»։ Այս անվանակարգով ֆիլմերի ներգրավումը նպատակ է ունեցել միջազգային և տեղի հանրության ուշադրությունը սևեռել դեպի օրեցօր ավելի ուժգնացող անտառային հրդեհները, որոնք իրական վտանգ են ներկայացնում նաև Հայաստանի համար։

Այսպիսով, յուրաքարնչյուր անվանակարգում հաղթողներն ընտրվել են անկախ ժյուրիի կողմից, բացի այդ՝ որոշ հեղինակներ ստացել են հատուկ մրցանակներ։ Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին անվանակարգում հաղթել է ԱՄՆ-ից ներկայացված ռեժիսորներ Ռեբեկա Հուդ-Սավայի և Ռադու Սավայի «Եթե-ի փոխարեն՝ երբ․ անտառային հրդեհների լուծումներ» (Not If, But When: Wildfire Solutions) ֆիլմը։ Ռեժիսորն ուղիղ տեսակապի միջոցով շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և իր շնորհակալական խոսքը հղել հանդիսատեսին։ Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Օվկիանոսային սաղմոն․ կարմիր ձուկը ֆիլմը» (Sockeye Salmon. Red fish), որի հեղինակները ՌԴ-ից Դմիտրի Շպիլյոնոկը և Վլադիսլավ Գրիշինն են։ ֆիլմը պատմում է Կամչատկայի վայրի սաղմոնի մասին։

Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին անվանակարգում անկախ ժյուրին հաղթող է ընտրել «Բարակ սառույցի վրա» (On thin ice) ֆիլմը, որը ներկայացվել է գերմանացի ռեժիսորի կողմից։

«Վագրեր սահմանին» (Tigers on The Border) ֆիլմը հաղթող է ճանաչել լավագույն կրթական ֆիլմ անվանակարգում։ Ֆիլմը ներկայացվել է Լեհաստանի կողմից և ռեժիսորը Կատարժինա Գորնյակն է։ Այս պատմությունը գրավել է լեհերի և ամբողջ աշխարհի ուշադրությունը։

Հատուկ մրցանակ են ստացել «Վայրիից առավել վայրի․ կրակը, անտառները և ապագան» (WILDER THAN WILD: Fire, Forests, and the Future), «Մեղվապահը» (The Beekeeper), «Մարգագետինը․ կորած դրախտ» (The Meadow – Paradise Lost), Փառատոնի կազմակերպիչներն առանձնացրել են ևս մեկ ֆիլմ, որն ամենաշատն է դիտվել Փառատոնի օրերին՝ «Ֆիլմ սառույցի մասին» (A Short Film About Ice) ներկայացված Մեծ Բրիտանիայի կողմից։

Միջոցառման վերջում հանձնվել են նաև նոյեմբերի 16-17-ին տեղի ունեցած «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լրագրողական դասընթաց-մրցույթի մասնակից լրագրողների սերտիֆիկատները։

Այս տարի պայմանավորված համաճարակային իրադրությամբ «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն անց է կացվել առցանց։ Առցանց ձևաչափն ունեցել է նաև դրական կողմեր. Փառատոնը կարողացել է ընդլայնել իր հասանելիությունը: Եթե նախկինում դրան կարողացել են մասնակցել միայն այն տեղանքի բնակիչները, որտեղ անցկացվել է «Արևորդին», ապա այժմ մասնակցել են անսահմանափակ թվով մարդիկ՝ անկախ գտնվելու վայրից: Դրական առանձնահատկություններից մեկն այն էր, որ Հայաստանի ողջ մարզերն ու Արցախը միացել են տեղեկատվական արշավին, այս կերպ ապահովելով փառատոնի մասին լայն իրազեկվացություն հասարակության շրջանում։ Փառատոնի առաջին օրն իսկ գրանցվել է ռեկորդային քանակի դիտումներ։

Արդեն 15 տարի է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվում էկո-կրթական մեծ բաղադրիչ ունեցող Արևորդի փառատոնը, որն այս տարիների ընթացքում ցուցադրվող ֆիլմերի միջոցով բնապահպանական գիտելիքներ է փոխանցել հազարավոր մարդկանց, հատկապես՝ պատանիներին։ Յոււրաքանչյուր տարի փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունենում FPWC հավատարիմ գաղափարակից գործընկերներ Վիվա-ՄՏՍ-ը, Մխիթար Սեբաստացի կրթական հիմնադրամը և այլն։

Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության պահպանության և բնապահպանական կրթության անհրաժեշտության վրա՝ բարձրացնելով հասարակության գիտակցության մակարդակն այս խնդրի առնչությամբ, ընդգրկել հասարակության բոլոր շերտերը` երեխաներին, երիտասարդներին, գործարար հանրությանը: Ինչպես ասել է Աշոտ Բլեյանը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Բլեյան դպրոցի բնապահպանական ուսումնական նախագծերի հուսալի, մասնագիտասցված գործընկերն է շարունակում մնալ: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի ակտիվ գործունեությունը  հնարավորություն է տալիս մասնավոր հիմնադրամների փորձը  օգտագործել պետական ուսումնական հաստատության` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային բնապահպանական կրթական ծրագրերերում։

*Դասընթաց-աշխատարանն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) համագործակցության շրջանակներում։

**Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ԱՄՆ Անտառային ծառայությունը և Վիվա-ՄՏՍ-ը։

Comments are closed.