Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը։
Ամենամյա փառատոնը, որն առաջինն ու դեռևս միակն է հարավկովկասյան տարածաշրջանում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությունն է: Փառատոնն իրականացվեց հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Վայրի բնություն», «Բնապահպանական խնդիր», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվեցին հաղթող ֆիլմերը։
«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել.
Կապտալանջիկների բարեկամը
Ռեժիսոր: Նեիլ Պապրոսկի, Մեթյու Պոդոլսկի, ԱՄՆ,
«Բնապահպանական խնդիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել.
Աղքատություն, Inc.
Ռեժիսոր` Մայքլ Մաթեսոն Միլլեր, ԱՄՆ,
«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող է ճանաչվել.
ԶՈՒշ և Թոիվո
Հեղինակ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստան,
Փառատոնի մրցութային և տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվեց 38 ֆիլմ ամբողջ աշխարհից։
Փակման արարողությանը հաջորդեց Գրեհեմ Թաունսլիի հեղինակած «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմի ցուցադրությունը։
Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ անցկացվեցին «Մոսկվա» կինոթատրոնում, Էօն-ում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:
Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։
Այս տարի փառատոնի բազմատարր ծրագիրը մեկտեղեց վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություններ, աշխատարաններ, ցուցահանդեսներ, որոնց առաքելությունը հանրության տարբեր հատվածներին բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին իրազեկելն է:
«Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ նաև «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի ամփոփումը, որն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ։ Նախագծի նպատակն էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։ Միջոցառմանը ներկայացվեց նախագծի շարժական հեծանվակայանը՝ զինված արևային վահանակներով և մարտկոցներով: