ԱՐՄԱՎԻՐ՝ Գ. ԼՈՒԿԱՇԻՆ Հուլիսի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Լուկաշին գյուղի բնակիչների հետ միասին մասնակցեցին գյուղում վերջերս իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրին նվիրված համայնքային միջոցառմանը:
Նախքան ծրագիրն սկսելը, Լուկաշին գյուղում մշտապես նկատվում էր խմելու ջրի պակաս, իսկ գյուղի որոշ հատվածներում ջրամատակարարում ընդհանրապես չէր իրականացվում: Ջրամատակարարման ցանցի աստիճանաբար քայքայման պատճառով համակարգում բազմաթիվ հոսակորուստներ կային, որոնք աղտոտման մեծ ռիսկ էին առաջացնում՝ պայմանավորված ցանցում տարբեր աղտոտիչների ներթափանցմամբ:
z
Ջրամատակարարման խնդիրը լուծվել է նոր, առավել դիմացկուն և հոսկորուստներ չունեցող խողովակների տեղադրման միջոցով համակարգի բարելավման ծրագրի իրականացմամբ: Ջրամատակարումն ապահովող հին ոչ արդյունավետ պոմպերն այլևս չեն օգտագործվում, և խմելու ջուրը ներկայում մատակարարվում է Արմավիրի ջրամբարից՝ ինքնահոս եղանակով: Համակարգի բարելավման արդյունքում բնակիչները նախկին օրական 2 ժամի փոխարեն այժմ ունեն շուրջօրյա կայուն ջրամատակարարում: Նախնական գնահատումների համաձայն՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 421 119 մ3 ջուր և 102 240 կվժ էլեկտրաէներգիա:
2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում Հայաստանի չորս գյուղերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ օգնելու համայնքներում ջրամատակարարման և բնակչության բարեկեցության ապահովմանը: Վերոնշյալ աջակցության շահառուների թիվը կազմում է շուրջ 7000: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն ՀՀԴ: