Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքում 1989 թվականից ի վեր բնակվում են փախստական ու նաև մարզի տարբեր գյուղերից այստեղ տեղափոխված երիտասարդ ընտանիքներ: Գյուղում արտաքին լուսավորության համակարգ երբևիցե չի եղել:
Այսուհետ Վարդահովիտի փողոցները երեկոյան ժամերին լուսավոր կլինեն 1,6 կմ երկայնքով տեղադրված 45 LED լուսարձակների շնորհիվ։ Արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքի կառուցումը հնարավոր է դարձել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում։
Օգոստոսի 29-ին, նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վարդահովիտ համայնքի ղեկավար Սամվել Գևորգյանը և բնակիչներ:
«Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելը ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է՝ որպես երկրում սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուծման նախապայման: Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում, ու արդեն՝ նաև Վարդահովիտում, LED արտաքին լուսավորության համակարգերի կառուցումը՝ իր երկարաժամկետ դրական ազդեցության շնորհիվ, կնպաստի բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Համայնքի բնակիչների ուրախությունն ու ոգևորությունն էլ ավելի են քաջալերում մեզ և ապացուցում ծրագրերի հիմքում ընկած՝ սոցիալական պատասխանատվության ռազմավարության արդյունավետությունը», – ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: