Խաչիկ Հակոբյանն այցելեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն






Հուլիսի 21-ին աշխատանքային այցով Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) այցելեց ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել է  «80 արջեր» խորագրով եռամյա քարոզարշավը, որի նպատակն է փրկել անազատության մեջ՝ անթույլատրելի պայմաններում ապօրինաբար պահվող 80 Կովկասյան գորշ արջերի։

Խաչիկ Հակոբյանը ծանոթացավ արջերի համար նախատեսված վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին, հանդիպեց FPWC-ի գործընկեր Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության ներկայացուցիչների հետ։

«Մենք ցանկանում ենք ներգրավվել արջերի փրկության գործում, որովհետև դրա կարիքը այստեղ իսկապես կա, պետք է աշխատենք այդ գործում ներգրավել նաև կառավարությանը»,-ասում է Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության գործադիր տնօրեն Ալան Նայթը։

ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում նախատեսվում են փոփոխություններ։

«Կենդանիները, որոնք կպահպանվեն անմխիթար, ոչ բավարար պայմաններում՝ առգրավվման պարագայում հնարավորություն կունենանք տեղավորելու։ Նոր օրենքով դրել ենք նաև ֆինանսական խնդիրներ, որպեսզի մենք կարողանանք ֆինանսական խնդիրները հոգալ»։

Ովքեր ցանկություն կունենան գորշ արջեր պահելուն՝ օրենքը նրանց նոր և խիստ պահանջներ կառաջադրի։

«Որպեսզի այլևս հնարավոր չլինի զուտ սեփական կամայականության արդյունքում վայրի կենդանիներ պահել տանը, սեփական զվարճանքի վայրում։ Կարող ես շատ լավ պայմաններ ունենալ, թույլտվություն ստանալ, լիցենզիա ստանալ, սակայն կարճ ժամանակ անց սնանկանալ կամ հրաժարվել այդ կենդանուն պահելուց»,-հավելում է ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալը։

Գորշ արջերին ապօրինի որսում են վայրի բնությունից և ծայրահեղ վատ պայմաններում պահում մասնավոր կառույցներում՝ ռեստորաններում, հյուրանոցներում, գազա-բենզալցակայաններում, մասնավոր կենդանաբանական այգիներում և անգամ գործարաններում: Արջերը զվարճացնում են հաճախորդներին կամ պահվում են բազմացման համար: Որոշ ռեստորաններում արջի միսն առաջարկվում է որպես «նրբախորտիկ»։

«80 արջեր» նախաձեռնության նպատակն է բարձրաձայնել խնդրի մասին, փրկել անազատության մեջ պահվող արջերին և արմատախիլ անել ամոթալի երևույթը հայաստանյան իրականությունից։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) կառուցման աշխատանքներին իր երկարաժամկետ աջարկցությունն է հայտնել FPWC-ի գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության առաքելությունն աշխարհի տարբեր երկրներում մարդ-վայրի բնություն հակամարտության խաչմերուկում հայտնված կենդանիների փրկությունն է: Հնդկաստանում շուրջ 800 անազատության մեջ պահվող վարժեցված «պարող» արջերի փրկության և խնամքի աշխատանքներ են տարվել: Ինդոնեզիայում հիմնական գործունեությունն ուղղված է Բոռնեոյի օրանգուտանների և այլ պրիմատների, այդ թվում նաև՝ լորիների  անազատությունից փրկությանը: Հնարավորության դեպքում փրկված կենդանիներն ազատ են արձակվում՝ վայրի բնություն, իսկ այն կենդանիները, որոնք այլևս չեն կարող ապրել վայրի կյանքով, կազմակերպության ջանքերով ապահովվում են մշտական ապաստաններով:

Comments are closed.