Ցանցավանդակի մեջ խճճված արջի քոթոթը՝ Գողթանիկ գյուղում




Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացրեց արջի քոթոթի փրկության հերթական գործողությունն՝ անմիջապես վայրի բնության մեջ։ 2020թ․-ի դեկտեմբերի 1-ին FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) ստացավ ահազանգ․ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում քոթոթը խճճվել է այգու ցանցավանդակների մեջ և մնացել «գերության» մեջ՝ չկարողանալով ազատվել։

WRC մասնագետներն անմիջապես մեկնել են նշված վայր՝ օգնություն ցուցաբերելու կենդանուն։ Մասնագետների կողմից տեղանքի ուսումնասիրություն կատարելուց հետո, կենդանին քնեցվեց հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով։ Կենդանու և տարածքի բնակիչների անվտանգության ապահովման տեսանկյունից քոթոթը քնած վիճակում տեղափոխվեց գյուղից քիչ հեռու և վերադարձավ վայրի բնություն։

Փրկարարական գործողությանը ներկա են եղել և մասնակցել են ընթացքին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Արջերի փրկության ծրագիրը (The Great Bear Rescue) Հայաստանում իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ։ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին զերծ մնալ ցանկացած վայրի կենդանու հետ անմիջական շփումից, աօրինի որսի բոլոր տեսակներից և դրսևորումներից։

Comments are closed.