World Land Trust կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

1 (2)

Բրիտանական World Land Trust կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝  գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ գործնկերները շրջել են ապաստարանում, այցելել ծառատունկ իրականացված տարածքներ, ինչպես նաև ծանոթացել արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք  այլ ծրագրերին։ Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են գործնկերներին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսլականը և գործողությունների պլանը՝ առ  2030 թվականը։ World Land Trust-ի ներկայացուցիչները ծանոթացան նաև խնդիրներին և քննարկեցին հնարավոր լուծման տարբերակները:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները ծանոթանան այն բոլոր ծրագրերին, որ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր որդեգրած առաքելության շրջանակներում։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները տպավորված էին կատարված աշխատանքով և պատրաստ են շարունակել աջակցել մեզ՝ իրականացվելիք ծրագրերի շրջանում ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության պահպանության»,-նշեց Ռուբեն Խաչատրյանը։

World Land Trust-ի կենսաբազմազանության պահպանության բաժնի տնօրեն Ռիչարդ Քաթբերթն առաջին անգամ է Հայաստանում։ «Հայաստանի մասին շատ եմ լսել, և բոլոր սպասելիքներս արդարացան՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կատարած հսկայածավալ աշխատանքների և նվիրումի առումով։ Շատ տպավորված եմ այն ամենով, թե ինչքան լավ են կատարվում աշխատանքները»,-նշեց նա։

World Land Trust-ի Պահպանության ծրագրերի մենեջեր Շարլոթ Բեքհեմը հասցրել է մի քանի անգամ լինել Հայաստանում։

Ամեն այցիս ընթացքում տեսնում եմ այն զարգացումը, որը տեղի է ունեցել նախորդ այցերից հետո։ Տարիներ առաջ, երբ առաջին անգամ այստեղ էի եկել,  Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում ոչինչ չկար, իսկ այսօր ամեն ինչ այլ է։ Շատ տպավորիչ է տեսնել, թե ինչի եք հասել այս ընթացքում»,-նշեց նա։

World Land Trust-ի ներկայացուցիչները ցանկություն ունեն վերադառնալ և ավելի երկար ժամանակահատվածով ուսումնասիրել նախագծերը և հնարավոր համագործակցության ընդլայնումը ։

Նշենք, որ World Land Trust-ը տարիներ շարունակ աջակցում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ծրագրերին։ Բրիտանական կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականին, զբաղվում է վտանգված տարածքների պահպանությամբ։ Այն աջակցում է ծրագրերի իրականացմանն ավելի քան 20 երկրներում։

1 (6)

Comments are closed.