Հրազենային վնասվածքով արջի փրկություն Ելփին գյուղում




Օգոստոսի 9-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով դեպքի վայր է մեկնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը՝ օգնություն ցուցաբերելու վնասված գորշ արջին։ Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են շուրջ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակի, որին հրազենով վնասվածք են հասցրել։

Տեղում աշխատող մասնագետների ջանքերով կենդանին քնեցվել է, տեղափոխվել Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ հայտնաբերվել է, որ կենդանին հրազենային վնասված է ստացել ծնոտի հատվածում։ Հայտնաբերված գորշ արջի վիճակը ծանր է և նրա կյանքի համար արդեն երկու օր է պայքարում են FPWC մասնագետները, միջազգային և տեղի գործընկեր կենդանաբույժները։ 3-ամյա արջը երկար ժամանակ մնացել է ընկած վնասված վիճակում և առանց օգնության, ինչի պատճառով նրա վիճակն ավելի է ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի և սկսել է կրծել սեփական թաթը։

Օգոստոսի 10-ին, կենդանին շարունակում է մնալ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն մասնագետները շարունակում են պայքարել արջի կյանքի համար։ Նախնական ախտորոշմամբ կենդանու մոտ առկա են նաև ուղեղի ցնցման նշաններ, ինչը կարող է կապված լինել կրակոցի հետևանքով մոտակա ձորը գլորվելու հավանականության հետ։

FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։

Comments are closed.