Զանգակն ու Բամբակը՝ Լոռիից փրկված արջի երկու քոթոթներն, օրեր առաջ վերադարձվեցին վայրի բնություն։
Մեր GPS ռադիոընդունիչները ցույց են տալիս, որ բաց թողնելուց 5 օր անց քոթոթները դեռ տարածքում են և ամբողջովին անվտանգ։
Զանգակն ու Բամբակն այժմ բավարար հասուն են՝ վայրի բնության մեջ գոյատևելու համար: Ադապտացիոն փուլերն անցնելուց ու անհրաժեշտ բոլոր «քննություները» բարեհաջող հանձնելուց հետո նրանք այլևս կարող են ինքնուրույն սնունդ հայթայթել և բավականաչափ ուժեղ են՝ ինքնապաշտպանվելու համար բնական հնարավոր վտանգներից:
2017-ի մայիսի 4-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ ստացավ ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից՝ Լոռվա մարզում առանց մոր գտնված արջի երկու քոթոթներին ապաստանելու, համապատասխան խնամք ապահովելու խնդրանքով: Հիմնադրամի փրկարար թիմի արագ արձագանքով՝ ոթոթները տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկա, ուր անհրաժեշտ բուժզննումներն ու ստուգումներն անցնելուց հետո տեղափոխվեցին Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան, Արարատի մարզ):
Այստեղ Զանգակի ու Բամբակի համար մշտական խնամքից ու վերահսկողությունից զատ, փրկարար կենտրոնի մասնագետները նրանց համար ապահովել են նաև զբաղվածության բազմազան ծրագիր՝ քայլ առ քայլ նախապատրաստելով վայրի բնություն վերադարձին:
Արջի քոթոթների փրկման, վերականգնման և վայրի բնություն վերադարձման գործում Հիմնադրամին մեծապես աջակցել են գործընկերներ Բրիջիդ Բարդո հիմնադրամը, Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպությունը (IAR) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը: