Նոյեմբերի 20-22-ը Կենդանատեսակների միջազգային տեղեկատվական համակարգի (ISIS) ներկայացուցիչ Ալեքս Կանտորովիչը դասընթաց անցկացրեց եվրոպական կենդանաբանական այգիներում և ասոցիացիաներում կիրառվող կենդանաբանական տվյալների հաշվառման ամենաժամանակակից տվյալների բազայի և տեղեկատվության կառավարման առցանց համակարգի վերաբերյալ: Դասընթացին, որը կազմակերպել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, մասնակցեցին Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները և հյուրեր Ղազախստանից (Ալմա Աթայի կենդանաբանական այգի), Ռուսաստանից (Վորոնեժի օվկիանարիում), Վրաստանից (Թբիլիսիի կենդանաբանական այգի):
Կանտորովիչը ներկայացրեց կենդանիների տվյալների բազայի և տեղեկատվության կառավարման առցանց համակարգի (ZIMS) հետ աշխատանքի և ռեգիստրի վարման առանձնահատկությունները: ZIMS-ը ներառում է տվյալները ներառում են տեղեկատվություն 2,6 միլիոն կենդանիների մասին և շրջանառվում են մոտ 80 երկրների 800 կենդանաբանական այգիներում և ակվարիումներում:
Տվյալների բազան վստահելի, թարմ ու համապարփակ տեղեկատվություն է տրամադրում կենդանիների վերաբերյալ: Այս տեղեկատվությունն օգնում է կենդանաբանական այգուն արդյունավետ կառավարել կենդանիների էսպոզիցիոն և պահուստային գլխաքանակը, տեղեկանալ կենդանիների տեղափոխության և փոխանակման նոր հնարավորություններին, վերահսկել կենդանի հավաքածուների գենետիկ պոպուլյացիաների վիճակը:
«Այսօր հաշվառումը կենսական կարևորություն ունի կենդանաբանական այգիների համար: ZIMS-ը տվյալների գլոբալ բազա է, որտեղ հասանելի է գրանցված բոլոր կենդանաբանական այգիների մասին մանրամասն տեղեկատվություն: Օրինակ, եթե մի կենդանաբանական այգուց մեկ այլ կենդանաբանական այգի կենդանի է տեղափոխվում, տվյալների այս բազայի միջոցով կարելի է ծանոթանալ այդ կենդանու կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, նրա վարքային առանձնահատկություններին, ինչը կօգնի ճիշտ մոտեցում ձևավորել նրա հետագա խնամքի ընթացքում», նշեց Ալեքս Կանտորովիչը:
Երևանի կենդանաբանական այգին Կենդանատեսակների միջազգային տեղեկատվական համակարգին միացավ 2014թ. սեպտեմբերին: Ի թիվս այլ առավելությունների, ISIS-ին անդամակցությունը նաև կարևոր է նախապայման է միանալու Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիային: