«Պահպանվող տարածքների 63%-ը մնում է պետական կառավարման ներքո»․ Մադհու Ռաոյի հիմնական զեկույցը YCS 2026-ում

Published on 16/11/2026

«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել Բնության պահպանության միջազգային միության Բնության պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (IUCN WCPA) նախագահ Մադհու Ռաոն (Madhu Rao)։ Իր ելույթում նա ներկայացրել է Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի 3-րդ թիրախի (30x30) իրագործման գլոբալ պատկերն ու առկա հիմնական մարտահրավերները։

Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ Մադհու Ռաոն փաստել է, որ երկրների 50%-ը դեռևս բավարար առաջընթաց չի գրանցել 30x30 թիրախին հասնելու ուղղությամբ։ Համաշխարհային մասշտաբով պահպանվող տարածքների կառավարման համակարգում շարունակում է գերիշխել պետական վերահսկողությունը՝ կազմելով ընդհանուր տարածքների 63%-ը։ Մինչդեռ բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին պատկանող կամ նրանց կողմից կառավարվող տարածքները կազմում են 4%-ից պակաս, իսկ մասնավոր պահպանվող տարածքները՝ 1%-ից էլ քիչ։

Այս անհամաչափությունը հաղթահարելու և մինչև 2030 թվականը ստանձնած հանձնառություններն իրագործելու համար, ըստ բանախոսի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Մասնավորապես՝ պետք է ձևավորել ամուր իրավական շրջանակներ, որոնք պաշտոնապես կճանաչեն ու կաջակցեն մասնավոր (ինչպիսին է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը), համայնքային և այլ արդյունավետ տարածքահեն պահպանության միջոցներով (OECMs) պահպանվող տարածքներին։

Իրավական դաշտի բարելավմանը զուգահեռ՝ վճռորոշ է նաև ռեսուրսների և ֆինանսավորման վերանայումը։ Մադհու Ռաոն ընդգծել է, որ պահպանվող տարածքների աշխատակազմն ու ռենջերների թվաքանակը համաշխարհային մակարդակով անհրաժեշտ է ավելացնել շուրջ 5.5 անգամ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է վերացնել շրջակա միջավայրին վնաս հասցնող պետական սուբսիդիաները՝ ռեսուրսներն ուղղելով բնության պահպանության իրական կարիքներին։

 

Ամփոփելով զեկույցը՝ IUCN WCPA նախագահը շեշտել է, որ 30x30 թիրախի իրագործումը հնարավոր է բացառապես կառավարման մոդելների բազմազանեցման և տեղական համայնքների ակտիվ ներգրավվածության շնորհիվ։