Մեր առաքելությունն է պահպանել վայրի բնությունը և բնական ժառանգությունը՝ համադրելով համայնքների կայուն զարգացումը, բնապահպանական կրթությունը և վարքագծի փոփոխությունը։
Մեր տեսլականն է կերտել կենսունակ և կայուն ապագա, որտեղ վայրի բնությունը պաշտպանված է, համայնքները՝ կենսունակ, իսկ մարդու և բնության խորքային փոխկապակցվածությունը՝ արժևորված։ Մեզ առաջնորդում է համայնքների կայուն զարգացման ու հզորացման, դիմակայուն կենսակերպի և բնական պաշարների պատասխանատու կառավարման հանձնառությունը։
2002 թվականից ի վեր FPWC-ն առաջամարտիկ է Հայաստանի վայրի բնության և բնական ժառանգության պահպանության գործում։ Կիրառելով բազմակողմանի մոտեցումներ ու նորարար լուծումներ, համագործակցելով տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ մենք երաշխավորում ենք բնության կենսական բարիքների պահպանումը մարդկության համար։
Տարածաշրջանի բացառիկ և էնդեմիկ կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով Հիմնադրամը 2011 թվականին ստեղծել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR)։ Հանդիսանալով առաջին մասնավոր պահպանվող տարածքը Հարավային Կովկասում՝ CWR-ը տարիների ընթացքում ընդլայնվել է և այժմ զբաղեցնում է 30,000 հեկտար տարածք։ Այն սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (ԲՊՄՄ A1 կարգ) և ձգվում է մինչև Նախիջևանի (Ադրբեջան) սահմանը՝ վճռորոշ դեր խաղալով վտանգված տեսակների համար պետական արգելոցի սահմանի երկայնքով անհրաժեշտ էկոլոգիական միջանցքի ստեղծման գործում։


FPWC-ի կողմից 2016 թվականին հիմնադրված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում և ողջ տարածաշրջանում: Կենտրոնի անձնակազմը փրկում, բուժում և վերականգնում է որբացած, տեղահանված, վնասված կամ անմարդկային պայմաններում պահվող վայրի կենդանիներին, այդ թվում՝ տեղական, հազվագյուտ կամ էկզոտիկ տեսակներ: Միջազգային կենդանապաշտպան կազմակերպության (IAR) հետ համագործակցությամբ WRC-ն իրականացնում է արջերի փրկության ծրագիրը, որի շրջանակներում անազատության մեջ և անմխիթար պայմաններում գտնվող 35 արջ է փրկվել՝ ստանալով անհրաժեշտ անասնաբուժական խնամք և վերականգնողական բուժում: WRC-ն առանցքային դեր ունի կենդանիների բարեկեցության ապահովման գործում և մեծապես նպաստում է Հայաստանի վայրի բնության պահպանությանը:
FPWC-ն Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) իրականացնում է լանդշաֆտների վերականգնման ծրագիր, որտեղ ծառատունկն առանցքային նշանակություն ունի կենսամիջավայրերի և կենսաբազմազանության պահպանման, հողի բերրիության վերականգնման ու էրոզիայի կանխարգելման գործում: Հայաստանում առաջինը լինելով՝ մենք հիմնել ենք տեղական տեսակների տնկարան, որտեղ կիրառվում է նորարարական «թիրախային տնկման հայեցակարգը» (Target Plant Concept): Այս մեթոդաբանությունը թույլ է տալիս մեր տնկարաններում հաջողությամբ աճեցնել տեղական այնպիսի ծառատեսակներ, որոնց մշակումը դժվար իրագործելի է ավելի տարածված ավանդական՝ բաց արմատային համակարգով աճեցման մեթոդներով:
Ավելին
Կանաչ թղթակիցների դպրոցի առաքելությունն է հզորացնել մեդիայով հետաքրքրված երիտասարդներին՝ բնապահպանական խնդիրներն արդյունավետ և պրոֆեսիոնալ կերպով լուսաբանելու համար։ Այս ծրագրի միջոցով մենք նպատակ ունենք կրթել էկո-գիտակից թղթակիցների նոր սերունդ՝ տարբեր մեդիա հարթակների միջոցով բարձրաձայնելով կայուն զարգացման և բնության պահպանության կարևորության մասին։