Մեր մոտեցումը համադրում է նորարարական լուծումներն ու համայնքների ներգրավվածությունը՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել մարդ-արջ կոնֆլիկտը և ապահովել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։
FPWC-ն, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, ստեղծել է արագ արձագանքման խումբ, որի կազմում ընդգրկված են անտառապահներ և մասնագետներ՝ արջերի հետ կապված միջադեպերին արձագանքելու նպատակով: Խումբն օպերատիվ կերպով մեղմում է ռիսկերը, տվյալներ հավաքագրում հարձակումների քանակի ու կենդանիների վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի միջոցով փաստաթղթավորում է արձանագրված դեպքերը: Մասնագետները տեսախցիկների միջոցով մոնիթորինգի են ենթարկում բնակավայրերին մոտեցող արջերին և սերտորեն համագործակցում տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ պարզելու մարդ-արջ կոնֆլիկտի հիմնական պատճառները:
FPWC-ի հավելյալ կերակրման փորձարարական ծրագիրը նվազեցնում է արջերի այցելությունները գյուղեր կոնֆլիկտների սրման փուլերում՝ գարնանը և աշնանը: Համաձայն միջազգային չափանիշների և Բեռնի կոնվենցիայի ուղեցույցների՝ FPWC-ն մայիսից հունիս և հոկտեմբերից նոյեմբեր կազմակերպում է կերակրում թարմ մրգերով: Այս միջոցառումների շնորհիվ արջերը չեն մոտենում բնակավայրերին, իսկ տեղի գյուղատնտեսները ստանում են հավելյալ օգուտ, քանի որ անհրաժեշտ միրգը գնվում է անմիջապես նրանցից:
2016 թվականից ի վեր FPWC-ն իրականացնում է Արարատի և Վայոց ձորի մարզերի դեգրադացված հողերի վերականգնում՝ տնկելով տվյալ տեղանքին բնորոշ պտղատու և բնապահպանական բարձր արժեք ունեցող ծառատեսակներ։ Շուրջ 5 հեկտար տարածքում տնկված 500,000 ծառերը ստեղծում են սննդի կայուն աղբյուր թե՛ վայրի կենդանիների, թե՛ համայնքների համար՝ միաժամանակ նպաստելով մարդ-արջ կոնֆլիկտի նվազեցմանը։
FPWC-ն ներգրավում է տեղի համայնքներին հանդիպումների, կրթական ծրագրերի և իրազեկման միջոցառումների միջոցով՝ խթանելով վայրի բնության հետ համակեցության մշակույթը: Վերջին հինգ տարիների ընթացքում կազմակերպությունը նվիրաբերել է շուրջ 40 էլեկտրական հովիվ՝ մեղվափեթակներն ու գյուղատնտեսական կենդանիների պաշտպանելու նպատակով, ինչն արդյունավետորեն նվազեցրել է արջերի կողմից պատճառված վնասների ծավալները:
Մարդ-արջ կոնֆլիկտի արդյունավետ մեղմումն առանցքային նշանակություն ունի խաղաղ համակեցության խթանման և Հայաստանի փխրուն էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:
Դարեր շարունակ մարդիկ և վայրի բնությունը կիսել են նույն լանդշաֆտները՝ խորապես ազդելով միմյանց գոյության վրա։ Մեր փոխհարաբերությունները բնության հետ միշտ եղել են բազմաշերտ ու բարդ՝ սկսած հնագույն քաղաքակրթություններից, որոնք պաշտամունքի առարկա են դարձրել վայրի կենդանիներին, մինչև ժամանակակից հասարակություններ, որոնք ձգտում են պահպանել դրանք։ Այնուամենայնիվ, բնակչության թվաքանակի աճին և բնական միջավայրերի կրճատմանը զուգընթաց՝ այս շփումները դառնում են ավելի հաճախակի և առավել խնդրահարույց։
Ըստ Բնության պահպանության միջազգային միության (IUCN)՝ «մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» եզրույթը սովորաբար վերաբերել է միայն մարդկանց և վայրի կենդանիների միջև առկա բացասական փոխազդեցություններին։ Այնուամենայնիվ, այս սահմանումն անտեսում է տարբեր մարդկային խմբերի միջև ծագող բախումները՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը։
Հայաստանում մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը գնալով սրվում է, հատկապես Վայոց ձորի մարզում, որտեղ մարդ-արջ փոխազդեցությունները դարձել են բնապահպանական առաջնահերթ խնդիր։ Թեպետ Վայոց ձորը երկրի ամենանոսր բնակեցված մարզն է, այստեղ արձանագրվում են մարդ-արջ կոնֆլիկտի ամենաբարձր հաճախականությունն ու ծանրության աստիճանը։ Գորշ արջերը հաճախ են մուտք գործում գյուղեր՝ վնասելով պտղատու այգիները, քանդելով մեղվափեթակները, հոշոտելով գյուղատնտեսական կենդանիներին և ոչնչացնելով մասնավոր գույքը։ Մարդկանց հետ հանդիպման դեպքեր են գրանցվում նաև անտառային և մերձալպյան գոտիներում, որտեղ տեղի բնակիչները զբաղվում են սեզոնային գործունեությամբ՝ վայրի խոտաբույսերի, մրգերի, սերմերի ու սնկերի հավաքչությամբ կամ գյուղատնտեսական կենդանիների արածեցմամբ։
Թեպետ խնդիրը հրատապ է՝ Հայաստանում մարդ-արջ կոնֆլիկտի վերաբերյալ գիտական հետազոտությունները դեռևս սահմանափակ են։ Այն հստակ պատճառները, թե ինչու են արջերը մուտք գործում բնակավայրեր, դեռևս լիարժեքորեն ուսումնասիրված չեն։ Այնուամենայնիվ, վերջին հինգ տարիների պաշտոնական տվյալները փաստում են, որ նման միջադեպերը դառնում են ավելի հաճախակի և ծանր՝ հանգեցնելով տեղական համայնքների զգալի տնտեսական կորուստների։
Գորշ արջը (Ursus arctos) Հայաստանի ամենավտանգված գիշատիչ տեսակներից մեկն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում՝ «Խոցելի» կարգավիճակով։ Տեսակը բախվում է լուրջ սպառնալիքների՝ պայմանավորված մարդածին գործոններով հարուցված բնակավայրերի կորստով և դեգրադացիայով, ներառյալ՝ ապօրինի որսը և թակարդների կիրառումը։ Բացի այդ, արջի քոթոթները հաճախ բռնվում են վայրի բնությունից և պահվում որպես ընտանի կենդանիներ, ինչն էլ ավելի է վտանգում նրանց պոպուլյացիան։
Հանքարդյունաբերությունը, ինտենսիվ գյուղատնտեսությունը (խաղողի և պտղատու այգիներ) և գյուղատնտեսական կենդանիների անվերահսկելի արածեցումը, թե՛ մարդ-արջ կոնֆլիկտի, թե՛ տեսակի թվաքանակի անկման հիմնական պատճառներն են: Ավելին, վտանգված սմբակավոր կենդանիների որսագողությունը սրում են սննդային մրցակցությունը՝ ստիպելով արջերին այլընտրանքային սննդի աղբյուրներ փնտրել մարդկանց բնակավայրերում, ինչն էլ ավելի է խորացնում կոնֆլիկտը:
Տեղական շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, շարունակական մոնիթորինգի և հասարակության կրթության միջոցով FPWC-ն նպատակ ունի ստեղծել ներդաշնակություն մարդկանց և վայրի բնության միջև՝ ապահովելով երկուսի անվտանգությունն ու գոյատևումը։
Սա հնարավոր է դարձել «Bears in Mind» կազմակերպության և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ «Darwin Initiative» ծրագրի շրջանակներում։
Համայնքային ներգրավվածության և բնապահպանական կրթությ...
ԱվելինՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմն...
ԱվելինՄայիսի 14-ին FPWC-ն Վայոց ձորի մարզի Եղեգնաձորում 30 սկսնակ...
ԱվելինՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմն...
ԱվելինFPWC-ն շարունակում է իր հանձնառությունն ամրապնդել մարդո...
ԱվելինՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հ...
Ավելին