
Published on 27/08/2026
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմումն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործումը բնության հետ ներդաշնակ ապրելու և համայնքային կայուն զարգացում ապահովելու կարևորագույն նախապայմաններից են։
Այս տեսլականով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ակտիվորեն շարունակում է իրականացնել «Արենի համայնքի դիմակայունության հզորացում և համակեցության խթանում՝ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմման և ռեսուրսների կայուն օգտագործման միջոցով» ծրագիրը, որն իրականացվում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ծրագրի ընթացիկ փուլում FPWC-ի մասնագիտական թիմը թիրախային հանդիպումներ է անցկացրել Արենի խոշորացված համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում։ Հանդիպումների առանցքային թեմաներն էին մարդ-արջ կոնֆլիկտի առանձնահատկությունները, անվտանգության կանոնների պահպանումը և վայրի բնության հետ անվտանգ համակեցության սկզբունքների կիրառումը առօրյա կյանքում։
Ակտիվ քննարկումների միջոցով վեր են հանվել խոցելի բնակավայրերի առաջնահերթ կարիքները՝ կապված գյուղատնտեսությանը, մեղվաբուծությանն ու անասնապահությանը հասցվող վնասների կանխարգելման, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովման հետ։
Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համայնքի կանանց ներգրավմանը։
Լինելով մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հետևանքով առավել խոցելի խմբերից մեկը՝ կանայք միևնույն ժամանակ աչքի են ընկնում առաջարկվող էկոլոգիական լուծումներն ու անվտանգության կանոններն արագ ընկալելու, ընդունելու և դրանք ընտանիքներում ու համայնքում տարածելու բարձր պատրաստակամությամբ։ Կանանց կարողությունների զարգացումն ու իրազեկվածության բարձրացումը դառնում են համայնքի երկարաժամկետ դիմակայունության և վարքագծային փոփոխության հիմնական շարժիչ ուժը։
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմումը FPWC-ի ռազմավարական գլխավոր ուղղություններից է։ Հիմնադրամի գործողությունները չեն սահմանափակվում միայն այս ծրագրով․ FPWC-ն տարիներ շարունակ Հայաստանի տարբեր տարածաշրջաններում ներդնում է էլեկտրական ցանկապատեր, խելացի կանխարգելիչ համակարգեր, իրականացնում է լայնածավալ էկո-լուսավորչական արշավներ և աջակցում տեղական համայնքներին՝ ապահովելով մարդու և վայրի բնության անվտանգ ու կայուն համակեցությունը։
Այս նախաձեռնությունն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ։