
Published on 17/11/2026
«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) բարձրաստիճան բացման նիստի ընթացքում հնչել են առանցքային ուղերձներ, որոնք նախանշել են գլոբալ բնապահպանության և ոչ պետական պահպանվող տարածքների զարգացման ապագա ուղղությունները։ Միջոցառման հյուրընկալող կողմի, պետական գերատեսչության և միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներն անդրադարձել են թղթի վրա ամրագրված հանձնառությունները դաշտային իրական արդյունքների վերածելու հրամայականին։
Բացման խոսքով հանդես է եկել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ ընդգծելով բնության պահպանության ոլորտում մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը։ «Մենք երբեմն չափազանց շատ ենք ընտելանում հանձնառություններ և խոսքեր ձևակերպելուն թղթի վրա, մինչդեռ բնությունն այլևս նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող։ Ահա թե ինչու Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի 3-րդ թիրախը պարզապես հանձնառություն չէ թղթի վրա, այլ հնարավորություն՝ հիմնովին վերանայելու, թե ով կարող է իր ներդրումն ունենալ պահպանության գործում, ինչպես ենք մենք ճանաչում այդ ներդրումը և ինչպես ենք աջակցում նրանց», — նշել է Ռուբեն Խաչատրյանը։
Նման նորարարական մոտեցումների ներդրումն ու դրանց ինստիտուցիոնալ ամրապնդումն անհնար է առանց պետական աջակցության և համակարգված քաղաքականության։ Այս համատեքստում իր ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ընդգծելով պետության պատրաստակամությունը՝ աջակցելու կենսաբազմազանության պահպանության նորարարական մոդելներին, մասնավոր և համայնքային պահպանվող տարածքների զարգացմանը, ինչպես նաև միջազգային գործընկերության ամրապնդմանը։
Պետական քաղաքականության և մասնավոր նախաձեռնությունների այս համադրումը Հայաստանում արդեն իսկ տվել է շոշափելի արդյունքներ, ինչը բարձր է գնահատվել միջազգային գործընկերների կողմից։ Ամփոփելով բացման ելույթները՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) նախագահ Ն.Գ. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաքը (Razan Khalifa Al Mubarak) շեշտել է տեղում աշխատող մարդկանց վճռորոշ դերը․ «Յուրաքանչյուր հեկտարի հետևում կանգնած են մարդիկ, որոնք մերժում են անհետացման պատմությունը։ Թեև բնությունը գտնվում է ահռելի ճնշման ներքո, դա մեր ճակատագիրը չէ։ Կառավարությունները կարող են սահմանել գլոբալ թիրախներ, ընդունել օրենքներ և ազգային ծրագրեր, սակայն տեսակները գոյատևում են կոնկրետ վայրում և ժամանակում, որովհետև ինչ-որ մեկը պաշտպանում է նրանց ապրելավայրը։ 500 հեկտարից 30,000 հեկտարի հասնելը պատահականություն չէ. դա հետևողականության, համառության և համագործակցության արդյունք է»։
Բարձրաստիճան բանախոսների այս ուղերձները հստակ նախանշեցին «Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի աշխատանքային տրամաբանությունը՝ գլոբալ նպատակներից դեպի տեսանելի ու չափելի տեղական արդյունքներ։