Գիտության, քաղաքականության և համայնքների կամուրջը․ FPWC դերը

Published on 22/10/2026

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կապույտ գոտու Հայաստանի ազգային տաղավարում տեղի է ունեցել «գիտություն-քաղաքականություն կապի ամրապնդումը՝ Հայաստանում, Արևելյան Եվրոպայում և Կովկասում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) իրականացումը բարելավելու համար» խորագրով քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) Հակոբյան բնապահպանական կենտրոնի, FPWC-ի, WWF Armenia-ի, IUCN-ի և գործընկեր կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ։
Քննարկման ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը ներկայացրել է տեղական բնապահպանական կազմակերպությունների առանցքային դերը գիտական հետազոտությունների, պետական քաղաքականության և տեղական համայնքների միջև կապող օղակ հանդիսանալու գործում։
Նա ընդգծել է, որ հասարակական կազմակերպություններն ունեն եզակի հնարավորություն՝ գիտական տվյալներն անմիջապես տեղում փորձարկելու, արդյունքները գնահատելու և դրանց հիման վրա բնապահպանական գործնական, տեղական պայմաններին հարմարեցված լուծումներ մշակելու համար։
Որպես գիտահեն և համայնքահեն պահպանության հաջողված օրինակ՝ ներկայացվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR)։ Ավելի քան 10 տարի կառավարելով այս մասնավոր պահպանվող տարածքը՝ FPWC-ին հաջողվել է ապրելավայրերի արդյունավետ պահպանության և համայնքային ակտիվ աշխատանքի շնորհիվ տարածքում բեզոարյան այծերի պոպուլյացիան 50-ից հասցնել ավելի քան 1,000-ի։
Զարգացնելով գիտական տվյալների գործնական կիրառման թեման՝ Ծովինար Հովհաննիսյանն անդրադարձել է նաև մարդ-արջ հակամարտության մեղմման մեխանիզմներին։ Նա նշել է, որ սիրիական գորշ արջերի տեղաշարժի էկոլոգիական տվյալների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական վերլուծության համադրումը թույլ է տալիս մշակել գիտականորեն հիմնավորված քաղաքականություն և կանխարգելիչ գործնական քայլեր, որոնք պաշտպանում են թե՛ բնակչությանը, թե՛ կենսաբազմազանությունը։
FPWC-ի ներկայացրած փորձառությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային ու տարածաշրջանային նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել գիտություն-քաղաքականություն-համայնք կապը՝ ապահովելով տեղական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը։