Էկոհամակարգերի վերականգնում՝ գլոբալ նպատակներից մինչև տեղական լուծումներ․ FPWC-ի գիտահեն մոտեցումը COP17-ին ընդառաջ

Published on 18/08/2026

Բնության պահպանությունն ու քայքայված էկոհամակարգերի վերականգնումն այլևս լոկ տեղական նախաձեռնություն չեն, այլ մարդկության առջև ծառացած առաջնահերթ գլոբալ մարտահրավեր։

Անտառպատման ավանդական մեթոդները հաճախ բախվում են տնկիների ցածր ապրելիության խնդրին, եթե հաշվի չեն առնվում տեղանքի էկոլոգիական առանձնահատկությունները: FPWC-ն կիրառում է միջազգայնորեն ճանաչված Թիրախային տնկման հայեցակարգի մեթոդաբանությունը (Target Plant Concept - TPC), որը հիմնված է հետևյալ գիտական սկզբունքների վրա․

Տեղական գենետիկական հիշողություն․ սերմերը հավաքվում են բացառապես այն թիրախային տարածքներից (վայրի պտղատու և անտառային տեսակներ), որտեղ նախատեսվում է իրականացնել անտառվերականգնում։ Այս տեսակներն արդեն իսկ հարմարեցված են տվյալ տարածաշրջանի կլիմայական, հողային և ջրային ստերսներին։
80-90% Բարձր կպչողականություն․ TPC մեթոդաբանության, տեղական սերմնանյութի օգտագործման և ջերմատներում արմատային համակարգի նպատակային ձևավորման շնորհիվ ապահովվում է տնկիների ռեկորդային բարձր՝ 80-90% կպչողականություն բնական պայմաններ տեղափոխվելուց հետո։
Էկոհամակարգի վերականգնում և կերային բազա․ վայրի պտղատու տեսակների վերականգնումը ոչ միայն կանխում է հողերի էրոզիան, այլև վերականգնում է վայրի կենդանիների ու թռչունների բնական կերային բազան՝ նպաստելով Կովկասյան կենսաբազմազանության թեժ կետի պահպանմանը։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) շրջանակներում ընդունված Քունմինգ-Մոնրեալի համաշխարհային շրջանակային ծրագիրը (KMGBF) սահմանում է հստակ թիրախներ, որոնք պարտավորեցնող են միջազգային հանրության համար․

Թիրախ 2․ մինչև 2030 թվականը ապահովել քայքայված (դեգրադացված) ցամաքային և ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ վերականգնումը։

Թիրախ 4․ կանխել տեսակների անհետացումը և պահպանել տեղական տեսակների գենետիկական բազմազանությունը։

2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Սա նշանակում է, որ Հայաստանը գլոբալ բնապահպանական քարտեզի վրա ստանձնում է առաջնորդող դեր։ Իսկ արդյունավետ անտառվերականգնումը պահանջում է ոչ թե պարզապես ծառատունկ, այլ գիտականորեն հիմնավորված մոտեցումներ, որոնք ապահովում են էկոհամակարգային կայունություն։

Այս փուլում FPWC-ի Ուրցաձորի և Ուշիի ջերմատներում մասնագիտական բարձր վերահսկողությամբ աճեցվում և կոփվում են տասնյակ հազարավոր վայրի տնկիներ։ Յուրաքանչյուր տնկի անցնում է ֆիզիոլոգիական հատուկ նախապատրաստում, որպեսզի պատրաստ լինի աշնանը համալրելու անտառվերականգնման տարածքները։

FPWC-ի այս գործնական մոդելն ապացուցում է, որ միջազգային բնապահպանական հանձնառությունները (CBD, KMGBF) իրականություն են դառնում հենց տեղում իրականացվող ճշգրիտ, գիտահեն և հետևողական աշխատանքի շնորհիվ։

 

«Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Ծրագրի իրականացման գործընկերներն են նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը (WSL) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):