FPWC-ն և WRC-ն մասնակցել են EAZA Conservation Forum 2026-ին. Ռուբեն Խաչատրյանը գլխավոր բանախոսներից էր

Published on 27/05/2026

Մայիսի 18-23-ը Գերմանիայի Քրոնբերգ քաղաքում՝ «Օպել» կենդանաբանական այգում, տեղի ունեցավ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի բնապահպանական հեղինակավոր ֆորումը (EAZA Conservation Forum 2026)։ Միջազգային այս կարևորագույն հարթակին Հայաստանը ներկայացնում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) կենդանիների խնամքի համակարգող Նարինե Փիլոյանը։

 

Ֆորումի առանցքային իրադարձություններից էր մայիսի 22-ի լիագումար նիստը, որտեղ FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Էնն Քեթրին Գարնի հետ համատեղ, հանդես եկավ որպես գլխավոր բանախոս։

 

«Գործնականից դեպի քաղաքականություն. EAZA-ի առաջնորդությունը IUCN խորհրդում» (From Practice to Policy: EAZA Leadership in IUCN Council) թեմայով զեկույցի շրջանակներում քննարկվեցին բնապահպանական գլոբալ քաղաքականության, իրավական կարգավորումների և միջազգային համագործակցության մեխանիզմները։ Սա բացառիկ հնարավորություն էր միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանում վայրի բնության պահպանության և OECM (պահպանվող տարածքների այլընտրանքային մոդելների) հաջողված փորձը։

 

Ֆորումի բոլոր օրերն անցել են հագեցած օրակարգով։ Աշխատաժողովների և քննարկումների առանցքում եղել են կենդանիների բարեկեցությանն ու պահպանությանն առնչվող ամենասուր հարցերը. 

 

- Էթիկական և իրավական խնդիրներ. առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կենդանիների պահման, տեղափոխման, խնամքի և պատասխանատու վերաբերմունքի ժամանակակից էթիկական չափանիշներին։

 

- Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտներ. իրականացվել են գործնական դերային խաղեր և աշխատարաններ նվիրված մարդու և խոշոր գիշատիչների (օրինակ՝ գայլերի) համատեղ կեցությանը և կոնֆլիկտների մեղմման արդյունավետ գործիքներին։

 

- Կենդանաբանական այգիների և փրկարար կենտրոնների դերը. քննարկվել է կենտրոնների կրթական, գիտական և կառուցվածքային կարողությունների հզորացումը, ինչը թույլ կտա նրանց ավելի մեծ դերակատարում ունենալ կենսաբազմազանության պահպանության գլոբալ որոշումների մեջ։

 

«Ֆորումի ընթացքում քննարկված թեմաները չափազանց արդիական էին նաև մեզ համար՝ սկսած կենդանիների խնամքի ու տեղափոխման էթիկական ու իրավական հարցերից, մինչև առանձին կենտրոնների անհատական հաջողված փորձի փոխանակումը։ Հատուկ շեշտադրվում էր համագործակցությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության ամենաարդյունավետ գործիք։ Այսօրինակ միջազգային հարթակները մեզ հնարավորություն են տալիս գտնել ավելի ճկուն ու արդյունավետ լուծումներ մեր տեղական խնդիրների համար»,- նշում են FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 

 

EAZA Conservation Forum 2026-ին մասնակցությունը ևս մեկ քայլ է՝ ամրապնդելու FPWC-ի և WRC-ի դիրքերը միջազգային բնապահպանական ընտանիքում և ներդնելու կենդանիների խնամքի ու իրավունքների պաշտպանության լավագույն համաշխարհային ստանդարտները Հայաստանում։