FPWC-ն EAZA 2026 տարեկան համաժողովին. կենդանիների բարեկեցության և միջազգային փորձի ներդրումը Հայաստանում

Published on 11/10/2026

Վայրի ննության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ակտիվ մասնակցություն է ունեցել Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) 2026 թվականի տարեկան համաժողովին։ Վեց օր տևած այս լայնամասշտաբ միջոցառումը համախմբել էր ոչ միայն EAZA անդամ և ոչ անդամ կենդանաբանական այգիների ներկայացուցիչներին, այլև տարբեր երկրների գիտական սեկտորին, կենդանիների տեղափոխման մասնագիտացված լոգիստիկ կազմակերպություններին, կրթական ու տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին:

FPWC-ի համար համաժողովին մասնակցությունն առանցքային նշանակություն ուներ՝ ինչպես վտանգված տեսակների պահպանության ու կենդանիների բարեկեցության միջազգային չափանիշները Հայաստանում տեղայնացնելու, այնպես էլ հիմնադրամի ընթացիկ ծրագրերի (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան - CWR, Կենդանիների փրկարար կենտրոն - WRC) հետ փորձի փոխանակումն ապահովելու տեսանկյունից։

Համաժողովի կարևորագույն ուղղություններից էր կենդանիների բարեկեցության (animal welfare) և առողջության մշտադիտարկման ժամանակակից մոտեցումների քննարկումը։ Հատուկ նիստերում անդրադարձ կատարվեց արջերի և այլ կենդանիների խնամքին, կերակրման ճիշտ բանաձևերին ու ռացիոններին։

Հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր ելույթում ընդգծեց, որ կենդանուն լավ պահելը չի նշանակում պարզապես առատ կերակրել․ չափից ավելի գիրացումը վնասում է կենդանու առողջությանը, ուստի անհրաժեշտ է առաջնորդվել գիտականորեն հաշվարկված ռացիոններով։ Սա անմիջականորեն առնչվում է FPWC-ի Կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) աշխատանքին, որտեղ ապաստանած արջերի և այլ փրկված կենդանիների համար կիրառվում են վերականգնողական հատուկ ռեժիմներ։

Ցուցադրական տաղավարներում ներկայացված էին կենդանիների ակտիվության և վարքային խթանման համար նախատեսված նորարարական սարքավորումներ, խաղալիքներ ու դետալներ, որոնք ապահովում են կենդանիների ֆիզիկական և հոգեբանական առողջությունը։

Համաժողովի ընթացքում հատուկ շեշտադրվեց բնական միջավայրում (in-situ) տեսակների պահպանության կարևորությունը։ Քննարկվեցին մոտեցումներ, երբ կենդանիներին կենդանաբանական այգիներ տեղափոխելու փոխարեն, ֆինանսավորումն ու աջակցությունն ուղղվում են հենց իրենց բնական ապրելավայրերում պահպանության և վերարտադրողականության կազմակերպմանը։

Այս մոդելը լիովին համահունչ է FPWC-ի ռազմավարությանը, որը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) միջոցով ընդլայնում է պահպանվող տարածքները՝ ապահովելով տեղական էնդեմիկ տեսակների, խոշոր կաթնասունների և չվող թռչունների անվտանգությունն իրենց բնօրրանում։ Ներկայացվեցին նաև գենետիկ բանկերի ստեղծման և հատուկ տարածքների պահպանության նախագծեր, որոնք պահանջում են միջազգային համագործակցություն։

Հանդիպումների ընթացքում FPWC-ի ներկայացուցիչները քննարկումներ ունեցան և թիրախային հարցեր բարձրացրին վտանգված տեսակների կոորդինացման (EEP) և կառավարման մեխանիզմների վերաբերյալ։ Քննարկումները ընդգրկում էին ինչպես վտանգված կաթնասուններին ու թռչուններին, այնպես էլ փոքր, անողնաշարավոր կենդանատեսակներին։ Հատուկ ընդգծվեց, որ թեև անողնաշարավորները «դրոշակակիր» (flagship) տեսակներ չեն, դրանք կենսաբազմազանության և էկոհամակարգերի կայունության համար ունեն հիմնարար նշանակություն։

Թռչնատեսակների պահպանության թեմաները լրացնում են FPWC-ի՝ որպես BirdLife International-ի հայաստանյան պաշտոնական գործընկերոջ աշխատանքները, այդ թվում՝ չուի ուղիների պաշտպանության գլոբալ նախաձեռնությունները։

EAZA 2026 համաժողովը FPWC-ի համար հերթական կարևոր քայլն էր միջազգային գործընկերային կապերն ամրապնդելու, նորագույն տեխնոլոգիաներն ու բնապահպանական մեթոդաբանությունը Հայաստան բերելու ճանապարհին։ FPWC-ն շարունակում է իր առաքելությունը՝ միավորելով տեղական ու միջազգային ջանքերը հանուն վայրի բնության պահպանության և հանրային իրազեկվածության բարձրացման։