
Published on 06/11/2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կապույտ գոտում տեղի ունեցած մասնագիտական ելույթի ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է էկոհամակարգերի վերականգնման Հայաստանի համայնքահեն մոդելն ու Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային 2-րդ թիրախի իրագործման գործնական ուղիները։
Ռուբեն Խաչատրյանն իր ելույթում ընդգծել է, որ պահպանվող տարածքների ընդլայնմանը զուգահեռ (3-րդ թիրախ), Կունմինգ-Մոնրեալի շրջանակի 2-րդ թիրախը սահմանում է հստակ պահանջ․ մինչև 2030 թվականը դեգրադացված էկոհամակարգերի առնվազն 30%-ը պետք է գտնվի արդյունավետ վերականգնման ընթացքում։ Առանց վնասված լանդշաֆտների ու կենսաբազմազանության միջանցքների վերականգնման անհնար է ապահովել էկոհամակարգային ծառայությունների կայունությունն ու տեսակների պաշտպանությունը։
Այս թիրախի իրագործման գործնական օրինակ է Վտանգված լանդշաֆտների և ծովային տարածքների ծրագրի (ELSP) աջակցությամբ FPWC-ի կողմից իրականացվող 5-ամյա նախագիծը Եղեգիս գետի կիրճում։ Ծրագիրը նպատակաուղղված է Եղեգիսի ողջ ավազանում դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանն ու դրանց միջև կապի ապահովմանը։
FPWC-ի մոտեցումը դուրս է գալիս սովորական ծառատնկումների սահմաններից․ պատրաստի տնկիներ գնելու փոխարեն հիմնադրամի մասնագետներն իրականացնում են տեղական վայրի ծառատեսակների սերմահավաք։ Այս մեթոդաբանությունը թույլ է տալիս բուծել տվյալ էկոհամակարգին բնորոշ, կլիմայակայուն տնկիներ և պատմականորեն դեգրադացված ապրելավայրերը վերականգնել իրենց բնական տեսքով։
Վերականգնողական աշխատանքների հաջողության գլխավոր նախապայմանը տեղական համայնքների հետ ձևավորված խոր վստահությունն է։ FPWC-ի փորձը ցույց է տալիս, որ երբ փարատվում են հողատարածքների կորստի վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, հենց համայնքի անդամներն են հանդես գալիս պահպանվող տարածքներն ընդլայնելու նախաձեռնությամբ։
Նախագիծն ուղղակիորեն զուգակցում է բնապահպանական նպատակները տեղական համայնքների համար կայուն ապրուստի միջոցների ստեղծման հետ՝ ապահովելով տեղական առաջնորդությամբ իրականացվող լանդշաֆտային վերականգնման երկարաժամկետ կայունությունը։